ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակում Հայաստանը հիշատակվել է մեկ անգամ
Քաղաքական
16:55 05/12/2025
Հայաստան

ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակում Հայաստանը հիշատակվել է մեկ անգամ

Սպիտակ Տան կայքում հրապարակվել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակը։ Ինչպես արդեն Panorama.am-ը գրել է, ԱՄՆ-ն ռազմավարության մեջ նշել է, որ առաջին տասնամյակում պահպանելու է աշխարհի ամենաուժեղ, ամենահարուստ, ամենահաջողակ երկրի վարկանիշը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը պրագմատիկ է՝ չլինելով պրագմատիստ, իրատեսական է՝ չլինելով ռեալիստ, զուսպ է՝ չլինելով հեզ։ Այն հիմնված չէ «ավանդական, քաղաքական գաղափարախոսության» վրա: Այն, առաջին հերթին, առաջնորդվում է  «Ամերիկայի համար» կամ «Ամերիկան ​​առաջին հերթին» կարգախոսներով»,-այսպես պատկերավոր է նկարագրված ռազմավարությունը, որի թիրախում ազգային շահերն ու դրանց պաշտպանությունն են։

Այստեղ ներկայացված են առաջիկա տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանների, երկրների հետ համագործակցության ուղղություններն ու անելիքները։ Հայաստանի անունն այս 29 էջանոց փաստաթղթում հիշատակված է մեկ անգամ, այն էլ Դոնալդ Թրամփի՝ աշխարհի բոլոր ծայրերում  խաղաղություն հաստատելու համատեքստում։

Նշվում է, որ  Թրամփը խաղաղության բանակցություններ է վարել Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության և Ռուանդայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջ է դրել Գազայում  պատերազմին՝ բոլոր պատանդներին կենդանի վերադարձնելով իրենց ընտանիքներին:

«Կրակի մեջ գտնվող աշխարհը, որտեղ պատերազմները հասնում են մեր ափերին, վնասակար է ամերիկյան շահերի համար»,-ասված է ռազմավարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակում Հայաստանը հիշատակվել է մեկ անգամ