Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն ու շինծու մեղադրանքով, կալանավորվել պատվիրյալ արդարադատությամբ. Կաթողիկոս
Հասարակություն
21:02 06/12/2025
Հայաստան

Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն ու շինծու մեղադրանքով, կալանավորվել պատվիրյալ արդարադատությամբ. Կաթողիկոս

«Մարսել քաղաքում գտնվելով՝ մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն ու շինծու մեղադրանքով, և հետո պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։
Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարությունները՝ հաստատուն հավատքով, որ արդարությունը պետք է հաղթանակի, և իրենք արդարացված պետք է դուրս գան ու վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց գործունեությանը»,-օդանավակայանում դիմելով հավաքված ժողովրդին՝ ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Վեհափառն ասաց, որ եկեղեցականների ուղերձներում, հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղացական գործունեությանը, եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կանոններրի խախտմամբ գործողություններ կատարել։

«Հակառակ ստեղծված դժվար կացության, եկեղեցահալած քաղաքականության՝ մենք որպես Հայրապետ Հայոց, եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, հոգևոր դասի հետ միասին, Մայր Աթոռի միաբանության ու թեմերում պաշտոնավարող եկեղեցականների հետ միասին պետք է շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրասիրությունը որպես բարձրագույն արժքներ դարձնել հիմքը մեր ժողովրդի, և դրա վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն ու շինծու մեղադրանքով, կալանավորվել պատվիրյալ արդարադատությամբ. Կաթողիկոս