Առաջատար երկրները մեծացնում են ոսկու պահուստը․ ՀՀ ԿԲ-ն ոսկի կգնի՞
Տնտեսություն
22:03 06/12/2025
Հայաստան

Առաջատար երկրները մեծացնում են ոսկու պահուստը․ ՀՀ ԿԲ-ն ոսկի կգնի՞

Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերը ակտիվորեն մեծացնում են իրենց ոսկու պահուստները։ Համաշխարհային ոսկու խորհրդի (WGC) տվյալներով՝ 2024 թվականին կենտրոնական բանկերը միասին ձեռք են բերել 1 044,6 մետրիկ տոննա ոսկի։ 

Գնումների վերաբերյալ տվյալներն ուսումնասիրելիս Panorama.am-ը պարզեց՝ սա արդեն երրորդ տարին է, որ նրանց տարեկան գնումները գերազանցում են 1 000 տոննայի շեմը։

2024-ին ոսկի գնման հարցում առաջատարը Լեհաստանի Ազգային բանկն է եղել, որը տարվա ընթացքում ավելացրել է շուրջ 90 տոննա ոսկի։ Հնդկաստանի կենտրոնական բանկը նույնպես շարունակել է ընդլայնել իր պահուստները՝ ձեռք բերելով շուրջ 72,6 տոննա։ Այդ քայլով Հնդկաստանը դարձել է տարվա ընթացքում երկրորդ խոշորագույն ոսկու գնորդը՝ Լեհաստանից հետո, իսկ երկրի ընդհանուր պահուստները հասել են 876,18 տոննայի։

Ոսկու պահուստների ավելացման միտումը նկատվում է նաև Չինաստանում։ Չինաստանի Ժողովրդական բանկը 2024 թվականին մեծացրել է իր ոսկու պաշարները 44 մետրիկ տոննայով, որոնք այժմ հասնում են 2 279,56 տոննայի։

Աշխարհում ամենամեծ ոսկու պահուստները շարունակում են ունենալ Միացյալ Նահանգները՝ 8 133,46 տոննա։ Նրանց հաջորդում են Գերմանիան՝ 3 351,53 տոննա, Իտալիան՝ 2 451,84 տոննա, Ֆրանսիան՝ 2 437 տոննա, Ռուսաստանը՝ 2 332,74 տոննա, Չինաստանը՝ 2 279,56 տոննա, Շվեյցարիան՝ 1 039,94 տոննա, Հնդկաստանը՝ 876,18 տոննա, Ճապոնիան՝ 845,97 տոննա և Նիդեռլանդները՝ 612,45 տոննա։

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխարհում աճող անորոշությունների պայմաններում ոսկին դարձել է երկրներին առավել վստահություն ներշնչող ակտիվ:

 «Աշխարհում անորոշություններ են, դոլարի համակարգը կարող է փլուզվել։ Ազգային արժույթով են սկսել առևտուրն անել շատ երկրներ, ամենավստահելին մնում է ոսկին։ Համաշխարհային համակարգը, որը դոլարի վրա է հիմնված, արդեն խնդրահարույց է։ Ազգային տնտեսությունները չեն դիմանում։ Դրա համար հիմնականում պահուստները ձևավորում են ոսկով։ Աշխարհի ամենամեծ պահուստ ոսկիով ունի հիմա Չինաստանը, Ռուսաստանինն էլ է մեծացել։ Դա նշանակում է` պահանջարկը մեծացել է, ու գները բարձրացել են։ Անվստահություն կա դոլարի նկատմամբ։ Մենք ընդհանրապես պահուստ չունենք, վաճառեցինք ամբողջությամբ, երբ 1 ունցիան մոտ 400 դոլար էր։ Սա պետական մտածելակերպի բացակայություն է։ Արաբական երկրները ևս պատրաստվում են իրենց գումարները ոսկու վերածել։ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան վերածում են իրենց գումարները ոսկու»,- նշեց Վարդանյանը։ 

Հայաստանի Կենտրոնական բանկը դեռ 2003 թվականի վերջում վաճառել է երկրի ամբողջ պաշտոնական ոսկու պահուստները։ Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ այդ ժամանակ պահուստներում եղել է մոտ 1,4–1,6 տոննա ոսկի։

Panorama.am-ը հետաքրքրվեց Կենտրոնական բանկից՝ արդյոք Հայաստանն այսօր ունի ոսկու պահուստներ կամ նախատեսում է ձեռք բերել։

 ԿԲ-ից պատասխանեցին. «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների ձևավորման նպատակներից բխող տեղաբաշխման առաջնային չափանիշներն են համարվում անվտանգությունն ու իրացվելիությունը։

Կենտրոնական բանկի կողմից ակտիվների ռազմավարական տեղաբաշխումը իրականացվում է առաջնորդվելով վերնշյալ չափանիշներով, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ և ապագա պարտավորությունների կառուցվածքը։ Վերջիններս բացառապես արտարժութային են։

Կենտրոնական բանկը մշտապես հետևում է միջազգային ֆինանսական շուկաների զարգացումներին և անհրաժեշտության դեպքում ճշգրտում միջազգային պահուստների կառավարման տակտիկական և/կամ ռազմավարական որոշումները և առանձին ակտիվներում (այդ թվում՝ ոսկի) ներդրումները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջատար երկրները մեծացնում են ոսկու պահուստը․ ՀՀ ԿԲ-ն ոսկի կգնի՞