Ադրբեջանը դեմ է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին
Քաղաքական
17:22 09/12/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը դեմ է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին

«ԵՄ և Հայաստանի միջև ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում։

Թշնամի երկրի ԱԳ նախարարությունը նշել է, որ Բաքուն լրջորեն մտահոգված է մի շարք հարցեր որպես առաջնահերթություն սահմանելով, դրանք «խեղաթյուրում են հակամարտությանը հաջորդող ​​շրջանի իրականությունը և ընդհանուր առմամբ հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։

«Անընդունելի է՝ այս երկկողմ փաստաթուղթը, որը սահմանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև ռազմավարական առաջնահերթությունները հաջորդ յոթ տարիների համար, ներառում է Ադրբեջանի դեմ ուղղված հարցեր։ Սա նաև բացասաբար է անդրադառնում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների վրա»,-նշել են Ադրբեջանի ԱԳ նախարարությունից։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նեղված են փաստաթղթում տեղ գտած «Ղարաբաղի հայեր», «փախստականներ» արտահայտությունից։

«Փաստաթղթի ներածական մասում և մի շարք այլ բաժիններում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր» արտահայտության օգտագործումը՝ Ադրբեջանի կողմից առաջարկված վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո Հայաստան կամավոր գաղթած հայ բնակիչների նկատմամբ, ինչպես նաև այս կատեգորիայի մարդկանց որպես «փախստականներ» սահմանումը, Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության ակնհայտ դրսևորում է»,-նշել են Ադրբեջանում։

Նշենք, որ փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Հատուկ ուշադրություն կդարձվի նաև Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո տեղահանված Ղարաբաղի հայերի (այսուհետ՝ տեղահանված հայեր և (կամ) փախստականներ) կարիքների բավարարմանը և սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելուն»։

Ադրբեջանում խնդիր են տեսել նաև փաստաղթաղի այս հատվածի վերաբերյալ. «ԵՄ-ն և Հայաստանը կհամագործակցեն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խթանելու ուղղությամբ, այդ թվում՝ տեղահանված հայերի և փոքրամասնության ներկայացուցիչների համար, ինչպես սահմանված է Հայաստանի կողմից վավերացված ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնական կոնվենցիաներում և հարակից արձանագրություններում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն արդյունավետորեն կատարելու ուղղությամբ»։

«Սա հստակորեն ենթադրում է Հայաստանի հայտնի պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Երրորդ կողմի կողմից քննարկման դնել այնպիսի հարց, որն անմիջականորեն վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին և ունի խիստ երկկողմ բնույթ, ոչ միայն անտրամաբանական է, այլև անտեսում է օրինական դատարանների գոյությունը»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը դեմ է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին