Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին
Հասարակություն
19:21 10/12/2025
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։

Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին