Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողը չսպասեց՝ համակարգում բոլորելու աշխատանքի 30-ամյակը. նա մեկ տարի շուտ համակարգից դուրս եկավ ու դարձավ մարզպետի խորհրդական։ Խոսքը սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզպետի խորհրդական նշանակված Արամ Գրիգորյանի մասին է։ Ո՞վ էր Արամ Գրիգորյանը մինչև խորհրդական դառնալը։
53-ամյա Արամ Գրիգորյանը 1994-1995 թվականներին աշխատել է Արմավիր քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում որպես վարպետ, ապա վարպետից կտրուկ դարձել էր ԱԱԾ աշխատակից՝ 1995-2024 թվականներին ծառայելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։
Կոչումով պահեստազորի փոխգնդապետը 2024-2025 թվականներին աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա 2025 թվականի ապրիլի 2-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։ 15.09.2025 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական:
Արամ Գրիգորյանը նախկինում հայտարարագիր չի ներկայացրել. միայն 2025 թվականի հոկտեմբերին նա լրացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր։
Մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդականն էր, ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն։ Մինչ այդ Գրիգորյանն ունեցել է ևս 2 անշարժ գույք՝ 2022 թվականին ձեռք բերված «Հասարակական նշանակության շինություն» և 1990 թվականին ձեռք բերված բնակարան Արմավիր համայնքում։ Արամ Գրիգորյանը 2019 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 541 հազար դրամ, 4,2 մլն դրամ հազմել են կանխիկ դրամական միջոցները։ Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 11 մլն 320 հազար դրամ, որից 1 մլն 450 հազար դրամը «այլ եկամուտ» է ԱԱԾ-ից, 1 մլն 440 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է: 3 մլն 756 հազար դրամը Մեծամորի համայնքապետի աշխատակազմից է ստացված, իսկ 673 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «ԷՆԵՐԳՈՆՈՐՈԳԳԱՐԱՆՏ»-ից։ Խորհրդականի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 1,5 մլն դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում