Դատաստան պետք է կարդան. Արամուսում 4 մարդու սպшնшծի մոտ ցուցակ են հայտնաբերել
Իրավունք
16:36 12/12/2025
Հայաստան

Դատաստան պետք է կարդան. Արամուսում 4 մարդու սպшնшծի մոտ ցուցակ են հայտնաբերել

Կոտայքի մարզի Արամուս գյուղում չորս հոգու սպանածին անմեղսունակ ճանաչած քաղաքացու համար գյուղացիներն արժանի պատիժ են պահանջում։ Armlur-ի փոխանցմամբ, նրա մոտ ցուցակ են գտել, որտեղ նշված են մի քանի համագյուղացիների անուններ։

«Պիտի ճար անեն։ Ես էլ եմ այդ ցուցակի մեջ, ո՞ւր գնամ։ Տունս ո՞ւր թողնեմ, գնամ»,-ասել է տարեց կինը։

Գյուղացիները համոզված են, որ ցուցակում նշված են այն մարդկանց անունները, որոնց մարդասպանը մտադիր է վնասել։ Ցուցակում տարեց կնոջ հիվանդ որդու անունն էլ կա։

«Իրեն չենք սիրել, չենք հարգել, իր հետ չենք շփվել։ Խնդիրն այդ է։ Չէ ինքը լավը չի, ճար պիտի անեն, օրենքը պետք է կարդա այդ դատաստանը»,-պատմել է կինը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ խնդիր ունեն իրենք անմեղսունակ ճանաչված տղամարդու հետ։

Գյուղացիներն ասում են, որ սա լարվածություն, վախի մթնոլորտ է առաջացնելու գյուղում։ Ասում են տղամարդը երեխաներ ունի, բայց նրանք Արամուսում չեն ապրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով:  

ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:  Այնուհետև, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:

Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:  Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։ Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում: 

Օրեր առաջ Թ.Հ-ն անմեղսունակ է ճանաչվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատաստան պետք է կարդան. Արամուսում 4 մարդու սպшնшծի մոտ ցուցակ են հայտնաբերել