Հեռացնե՞լ Սևակի արձանը, թե՞ ոչ. Հարցում
Հասարակություն
10:06 15/12/2025
Հայաստան

Հեռացնե՞լ Սևակի արձանը, թե՞ ոչ. Հարցում

Պարույր Սևակի տուն-թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օրեր առաջ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրված  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակի  շուրջ ստեղծված իրարանցման հետ. 

«Զանգակատուն համայնքի սիրելի բնակիչնե՛ր, վստահաբար տեղյակ եք, որ համայնքի դպրոցի բակում վերջերս տեղադրված Լ. Թոքմաջյանի քանդակը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցերում: Ցավոք, այս ընթացքում դրական կամ բացասական կարծիքներից զատ՝ հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ գյուղի բնակիչների և մասնավորապես աշակերտների հասցեին: Պ. Սևակի տուն-թանգարանը սա բացարձակապես անընդունելի է համարում: Անշուշտ, միշտ էլ կարելի է դիրքորոշում հայտնել, բայց մարդկանց վիրավորելը անթույլատրելի է, և այդ վիրավորողները որևէ կերպ չեն կարող Պ. Սևակի հոգևոր պատգամների կրողը լինել:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային բողոքը և այն հանգամանքը, որ թանգարանի համար անչափ կարևոր է մեր համագյուղացիների կարծիքը, խնդրում ենք մասնակցել հետևյալ հարցմանը՝

ԿՈ՞ՂՄ ԵՔ, ՈՐ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՔԱՆԴԱԿԸ ՀԵՌԱՑՎԻ»։ 

Այս պահի դրությամբ հարցման մասնակիցների 82 տոկոսը կողմ է, որ քանդակը հեռացվի, 18 տոկոսը՝ դեմ»։ 

Հիշեցնենք՝ Լևոն Թոքմաջյանը դեկտեմբերի 12-ին Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ ծանոթ չէ քննադատություններին։ Նա հայտնել էր, որ քանդակը ստեղծելու պատվեր չի ունեցել, իր նվիրատվությունն է Զանգակատան միջնակարգ դպրոցին։ 

«Ես համարում եմ Սևակի կերպարի բացահայտում, հայտնագործություն ինձ համար։ Ինձ համար այս գործը լավագույնն է։ Եթե իր թոռն ընդունեց, համարում է՝ իր պապու նոր կերպար, մնացածներն ով, ինչ ուզում է, թող ասի։

Սա իմ հատուկ մտածողության արդյունքն է։ Այս հասակիս ստեղծեցի փայլուն գործ։ Համարում եմ իմ լավագույն գործը։ Նրանք ուզում եմ, որպեսզի լուսանկարչություն լինի,  ես լուսանկարչություն չեմ անում, իմ կերպարն եմ ստեղծում: Սա այն Պարույր Սևակը չէ, որին մենք ճանաչում էինք լուսանկարներից, նոր Պարույր Սևակ է, որը կոչվում է «Անլռելի զանգակատուն»։ Այդ տեսանկյունից պետք է մոտենալ։ 

Այստեղ կոնցեպտուալ մտածողության հարց է»,- ասել էր Լևոն Թոքմաջյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հեռացնե՞լ Սևակի արձանը, թե՞ ոչ. Հարցում