«Ժողովուրդ». Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության, այլև հարազատների դժգոհությունը
Օրվա մամուլ
08:42 16/12/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության, այլև հարազատների դժգոհությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու պահանջին է միացել նաև Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին արցախահայությունն իմացել է միայն նոյեմբերի 27-ին, երբ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Վեհափառի դեմ դուրս եկած բարձրաստիճան հոգևորականները` եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ, հանդիպում-քննարկում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Այդ հանդիպում-քննարկմանը ներկա է գտնվել Վրթանես սրբազանը։ Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության դժգոհությունը, այլև, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, խռովություն է առաջացրել անգամ սեփական տան պատերի ներսում` հարազատների միջև։ Այս դեպքից հետո, ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, սրբազանի քույրերը խզել են իրենց կապերը հարազատ եղբոր հետ։ Նշենք, որ Վրթանես Սրբազանի քույրերից մեկի որդին էլ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Արցախի թեմի առաջնորդի այս կեցվածքը մեծ ցասում ու զայրույթ է առաջացրել արցախահայության շրջանում։ Նրանք նշում են, որ Թեմի առաջնորդը շրջափակման ժամանակ իրենց կողքին` Արցախում չի եղել, բայց ժողովուրդն աչք էր փակել այդ ամենի վրա` հարգելով այն փաստը, որ Վրթանես սրբազանն իրենց հոգևոր առաջնորդն է, սակայն այս հանդիպումից հետո այլևս աչք փակել չեն կարող։

«Կանգնե՞լ մի մարդու կողքին ով խմել է մեր որդիների արյունը, մեզ անհայրենիք ու անգերեզման թողել… Ինչպե՞ս կարելի է։ Սա աբսուրդ է։ Սա մենք ներել չենք կարող»,- ասում է մի արցախցի։

Նշենք, որ Արցախի թեմի թեմական խորհուրդը հանդիպման հաջորդ օրը միանգամից հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ հանդիպման մասին իրենք տեղյակ չեն եղել, և որ չեն կիսում Վրթանես սրբազանի մոտեցումները։ Այս ընթացքում Արցախի իշխանությունից շատերն են փորձել հանդիպում ունենալ սրբազանի հետ՝ հասկանալու, թե որն է եղել պատճառը։ Ինչպես հայտնի է մեզ, Վրթանես սրբազանն ընդունել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանին և թեմական խորհրդից մի քանի անձանց, սակայն իրական պատճառի մասին նրանց չի հայտնել։

Ներքին խոսակցություններ էլ կան նաև այն մասին, որ Վրթանես Սրբազանը ՀՀ ՊՆ-ի կողմից բնակարանն էր նվեր ստացել, և հնարավոր է՝ այն չկորցնելու համար անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը։

Դեկտեմբերի 15-ին էլ Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ միասնաբար հանդես են եկել հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին, և խնդրել են փոխել Արցախի թեմի առաջնորդին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն առաջացրել է ոչ միայն արցախահայության, այլև հարազատների դժգոհությունը