161 կգ «Հերոին»-ը ավտոմեքենայի՝ նախապես պատրաստված գաղտնարանում պահելու եղանակով տեղափոխվել է Հայաստան
Իրավունք
17:34 16/12/2025
Հայաստան

161 կգ «Հերոին»-ը ավտոմեքենայի՝ նախապես պատրաստված գաղտնարանում պահելու եղանակով տեղափոխվել է Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 24-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու և այնտեղ իրացնելու շուրջ:

ՔԿ-ից մանրամասնում են. «Վերջինս մինչ ՀՀ մուտք գործելը թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում:

Այնուհետև, Ա.Ա.-ն 161 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցը բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում պահելու եղանակով, նոյեմբերի 24-ին ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել տեղափոխել այլ երկիր, քանի որ նույն օրը ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է, իսկ Ա.Ա.-ն ձերբակալվել է:

Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 43-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը նախապատրաստելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
161 կգ «Հերոին»-ը ավտոմեքենայի՝ նախապես պատրաստված գաղտնարանում պահելու եղանակով տեղափոխվել է Հայաստան