Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձր ցուցանիշ գրանցվել է երեք մարզերում և Երևանում
Հայաստանում շարունակվում է դիտվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
«Սոզոնին բնորոշ ակտիվություն է, չնայած նախորդ շաբաթվա համեմատ բարձր է հիվանդացության ցուցանիշը, բայց համահունչ է սեզոնին»,- ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։
Ներկայացված տվյալների համաձայն, այս տարվա 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 15 հազար 151 դիմելիություն, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.2 անգամ։
Գրանցված դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում։
50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հոսպիալացման 1055 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.1 անգամ։ Հոսպիտալացումների 91.7 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։
Աիդա Հովհաննիսյանն ասաց, որ գրիպի դեպքում թոքաբորբի ռիսկն ավելի բարձր է։ Առողջության առաջնային պահպանման կենտրոններ 50-րդ շաբաթվա ընթացքում դիմել է 937 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.3 անգամ։ Խոցելի խումբը 0-18 տարեկան երեխաներն են, գերակշռում է՝ 0-14 տարեկանները։
Նա մանրամասնեց, որ սուր շնչառական վարակների դեպքում ախտանշանները նույնն են՝ ընդհանուր թուլություն, թքահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում, իսկ գրիպի դեպքում ախտանշանները մի փոքր առանձնանում են՝ հիվանդության սկիզբը լինում է ավելի սուր, կարող են լինել նաև հարբուխային երևույթներ, ջերմությունն է բարձր լինում, հաճախ՝ ոչ կառավարելի։
Ինչ վերաբերում է հիվանդության կրկնությանը, ըստ Ա. Հովհաննիսյանի, պարտադիր չէ, որ նույն վիրուսը պատճառ հանդիսանա տվյալ պացիենտի մոտ հիվանդության երկարացմանը. տվյալ պացիենտը կարող է որևէ հարուցիչով վարակվելուց հետո լավանալ, ձեռք բերել մեկ այլ վարակ՝ պայմանավորված մեկ այլ հարուցիչով։