Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է որպես թուրքական, հայկական է, թուրքերը մեզանից են սովորել. ժողովրդական վարպետ
Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես թուրքական նյութական մշակույթի մաս, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվել է Նյու Դելիում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 20-րդ նստաշրջանում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինների լռությունը բողոք է առաջացրել Հայաստանի ժողովրդական վարպետների, ասեղնագործների շրջանում։

ՀՀ ժողովրդական վարպետ, աստեղնագործության գրքերի հեղինակ Լուսինե Մխիթարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այսօր դիմել է ԱԳՆ՝ հանդիպելու Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի հետ, սակայն ասել են, որ նրա նստավայրը Ֆրանսիայում է, հեռախոսհամար են փոխանցել կապ հաստատելու համար, ինչպես նաև պատրաստվում է բաց նամակով դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու, թե արդյո՞ք որևէ քայլ նախաձեռնելու են բողոքարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը, քանի որ այն, ինչ ներկայացրել է Թուրքիան որպես թուրքական արվեստ, հայկական է։
«Հայկական աստղնագործությունը բաժանվում է խմբերի կամ դպրոցների։ Ստեղծվել և ձևավորվել են այդ ավանդույթները տվյալ տարածքներում ու կենտրոններում։ Այսինքն, Այնթապի հայկական աստսղնագործությունը ձևավորվել է Այնթապ քաղաքում, Մարաշինը՝ Մարաշ քաղաքում, Իզմիրինը՝ Իզմիրում և այլն։
Դա, իհարկե, տեղի է ունեցել դարերի ընթացքում և այդ ավանդույթները ստեղծվել են հենց այդ կենտրոններում։ Այդ կենտրոններից տարածվել տարբեր վայրեր։
Այն, ինչ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է, դա հենց մեր ավանդույթն է, որը թուրքերը մեզանից են սովորել։ Իրենց կենտրոններում իրենք ասեղնագործում են ու ներկայացնում են որպես Այնթափի ասեղնագործություն»,- ասաց Լ.Մխիթարյանը։

Նա նշեց, որ ինֆորմացիայի, նյութերի, գրքերի, հոդվածների պակաս չկա՝ ապացուցելու Այնթապի ասեղնագործության հայկական լինելու հանգամանքը, այսօր կան գործող վարպետներ, ուղղակի քանի որ լայն շրջանակները մշակույթից հեռու են, նման խնդիրներ են առաջացել, դրան գումարած Հայաստանի «մշակութային քաղաքականությունը»։
Նա ընդգծեց, որ հայկական ու թուրքական կարատեսակում առանձնահատկություններ չկան, նույնն է, իսկ տարբերությունն այն է, որ այն, ինչ իրենք հայկական արվեստից են վերցրել, իրենց ձևով են ընկալել, միայն մասնագետը կզգա այդ չնչին տարբերությունը։
«Հոդված կա, որտեղ նշվում է, որ հայերի հետ աշխատում էին երկու թուրք կին։ Դա էլ ապացույց, որ իրենք մեզանից են սովորել»,- ասաց Լ.Մխիթարյանը։
Նա նշեց, որ ասեղնագործություն է դասավանդում, հիմա չի պատկերացնում, թե ինչպես պետք է ասի, որ այն թուրքական մշակութային ժառանգություն է. «Դա անմիջապես իմ ոտքերն է տրորում»։
Լ.Մխիթարյանը նաև չի պատկերացնում հայաստանյան թանգարանների վիճակը, որտեղ Այնթապի ասեղնագործության բազմաիթվ նմուշներ են պահվում. «Հիմա ի՞նչ նմուշի անձնագրի մեջ և ցուցադրվող ցուցանակի վրա պետք է գրվի «Այնթապի ասեղնագործություն, Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգությո՞ւն»»։

Panorama.am-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ մեկնաբանություն ստանալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայացրած որոշման մասին, նաև՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկել Թուրքիայի հայտի ընդունումը թույլ չտալու համար կամ ընդունելուց հետո ի՞նչ քայլերի կդիմեն։ Գրավոր հարցում են ուզել, որն արդեն ուղարկվել է։
ՀՀ ժողովրդական վարպետ Լուսինե Մխիթարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։