Առողջապահության Նախարարությունը օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները. Անուշ Պողոսյան
Առողջություն
11:45 19/12/2025
Հայաստան

Առողջապահության Նախարարությունը օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Առողջապահության Նախարարությունը օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները՝ 34-ից 9-ը

Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ 34 հիվանդություններ համարվել են շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ։

Սրանք այն վարակիչ հիվանդություններն են, որոնք կարող են արագ տարածվել՝ առաջացնելով համաճարակային վտանգ և պահանջելով պետության անմիջական, պարտադիր և համակարգային միջամտություն։

Այս հիվանդությունների դեպքում պետությունն ունի հստակ սահմանված գործառույթներ։

Պետության անելիքը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝

1․Վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և պարտադիր գրանցում

2․Յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն

3․Վարակված անձանց մեկուսացում և բուժման կազմակերպում պետական պատվերի շրջանակներում

4․Կոնտակտավոր անձանց հայտնաբերում, հսկողություն և կարանտին

5․Պետական պատվաստումների իրականացում և օջախներում լրացուցիչ իմունիզացիա

6․Անվճար կամ պետական պատվերով բուժօգնության կազմակերպում

7․Ինֆեկցիոն ծառայությունների և լաբորատոր կարողությունների ապահովում

8․Սանիտարահիգիենիկ վերահսկողություն՝ հանրային վայրերում, սննդի և ջրի ոլորտում

9․Հանրային իրազեկում և պաշտոնական հաղորդակցություն

10․Պարտադիր ցուցումների տրամադրում բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններին

11․Համաճարակային իրավիճակում ժամանակավոր սահմանափակումների կիրառում

12․Բուժանձնակազմի պաշտպանություն և ապահովում անհրաժեշտ միջոցներով

13․Պետական պահուստների ձևավորում (դեղեր, պաշտպանիչ միջոցներ)

14․Իրավական վերահսկողություն և պատասխանատվության կիրառում խախտումների դեպքում

15․Միջգերատեսչական համակարգված աշխատանք (ԱՆ, ՏԻՄ, ոստիկանություն, կրթական կառույցներ)

Սակայն այսօր հայտարարվում է, որ այս հիվանդությունների ցանկը կտրուկ կրճատվում է, և այսուհետ հատուկ վտանգավոր կհամարվեն ընդամենը 9 հիվանդություններ։

Ի՞նչ է սա նշանակում գործնականում։

Սա նշանակում է, որ պետությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության,

հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից,

սահմանափակում է պետական միջամտությունը,

և փաստացի հայտարարում է․ «մնացած հիվանդությունները այլևս մեր խնդիրն չեն»։

Սա առողջապահական բարեփոխում չէ։

Սա պատասխանատվությունից ազատվել է։

Սա պետության կողմից սեփական գործառույթների կրճատում է՝ հանրային առողջության հաշվին։

Երբ հիվանդությունը «դուրս է գալիս ցանկից», դուրս են գալիս նաև՝

պետության պարտադիր արձագանքը,

անվճար բուժօգնության երաշխիքները,

համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։

Եվ այո, այս իրավիճակում կարելի է միայն մեկ բան ասել․

պետությունը բառացիորեն «ձեռները լվանում է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առողջապահության Նախարարությունը օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները. Անուշ Պողոսյան