Քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք
Իրավունք
11:54 19/12/2025
Հայաստան

Քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից:

Հակակոռուպցիոն կոմիտեոից մանրամասնում են. «Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը նշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի՝ վերցրել է դեպքի ժամանակ հիշյալ բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել:

Այնուհետև, պարտավոր լինելով իրականացնել նշված քրեական վարույթով վերցրած իրերի կամ առարկաների պատշաճ պահպանությունը,  քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, այն է՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ քրեական վարույթի հետ մեկտեղ նշված հագուստները չի հանձնել և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ներառել զեկուցագրում, իսկ վարույթով հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում քննիչի կողմից քաղաքացուց վերցված հագուստները տվյալ քննչական բաժնում չեն հայտնաբերվել, որի հետևանքով խաթարվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող կոնկրետ քրեական վարույթի պատշաճ քննության ընթացքը:

Վերը նշված արարքների համար ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»։ 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք