Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան․ տնտեսական դիվերսիֆիկացիա՞, թե՞ քաղաքական ազդակ
«Հայաստանի համար վառելիքի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացումը վաղուց օրակարգային հարց է»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան ներկրված բենզինի առաջին խմբաքանակին։
«Հայաստանը տարին մոտավորապես 300 հազար տոննա վառելիք է սպառում, որի շուրջ 90 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից՝ արտոնյալ պայմաններով և պետական համաձայնագրերի շրջանակում։ Միանշանակ կարևոր է նվազեցնել այդ կախվածությունը՝ թե՛ գների, թե՛ մատակարարումների տեսանկյունից։ Սա արդեն էներգետիկ անվտանգության հարց է»,- նշեց Պարսյանը։
Այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի, այս փուլում Ադրբեջանից վառելիքի ներկրումը դժվար է դիտարկել որպես կայուն տնտեսական գործընթաց։
«Այս պահին ավելի շատ քաղաքական ազդակի մասին է խոսքը։ Դեռ հստակ չէ՝ արդյոք ներկրումները կլինեն շարունակական, ինչ ծավալներով և ինչ գնով։ Կանխատեսումներ անել հնարավոր չէ»,- ասաց նա։
Պարսյանի գնահատմամբ, կողմերը այս գործարքով փորձում են ուղերձ հղել թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին։
«Հայաստանի իշխանությունները պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին և փորձում են հանրությանը ցույց տալ, որ խաղաղության օրակարգը առաջ է գնում, խնդիրներ են լուծվում։ Միաժամանակ ազդակ է փոխանցվում արտաքին խաղացողներին՝ տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը հանձնառու լինելու մասին», - ընդգծեց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը նախկինում փորձել է վառելիք ներկրել այլ երկրներից, սակայն բախվել է որակի խնդրի։
«Երկար ճանապարհով տեղափոխման արդյունքում վառելիքում բարձրանում է ծծմբի պարունակությունը, և այն չի անցնում փորձաքննությունը։ Հայաստանը պարտավոր է ստուգել երրորդ երկրներից ներկրվող վառելիքը՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանելու համար։ Ռուսական վառելիքը նման ստուգման չի ենթարկվում, քանի որ ԵԱՏՄ ապրանք է»,- ասաց նա։
Տնտեսագետի խոսքով, պատահական չէ, որ Հայաստան ուղարկվող առաջին խմբաքանակը հենց AI-95 պրեմիում բենզինն է՝ շուրջ 1300 տոննա։
«Ակնհայտ է, որ փորձ է արվում շուկա մտնել բարձր որակի վառելիքով, որպեսզի խնդիրներ չառաջանան ստանդարտների մասով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կողմերը մեծ ուշադրությամբ են մոտենում այս գործարքին»,- նշեց Պարսյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հիմնականում արտահանում է դիզելային վառելիք․ միայն 2023 թվականին արտահանվել է մոտ 714 հազար տոննա դիզել և շուրջ 30 հազար տոննա բենզին՝ հիմնականում Թուրքիա և Վրաստան։
Հարցին՝ արդյո՞ք սա Ադրբեջանի կողմից փորձ է Հայաստանի միջոցով մուտք գործել ԵԱՏՄ վառելիքի շուկա, Պարսյանն արձագանքեց․ «Ադրբեջանը հում նավթ արտահանում է Բելառուս, այսինքն նավթի արտահանման փորձ եղել է ԵԱՏՄ-ում։ Կարելի է ասել, որ սա առաջին փորձն է Ադրբեջանի համար՝ վերջնական սպառման բենզին մատակարարել ԵԱՏՄ շուկա»։
Ինչ վերաբերում է գներին՝ Սուրեն Պարսյանի կարծիքով, հնարավոր ազդեցությունը կախված է վաճառքի պայմաններից։
«Ադրբեջանական վառելիքը տարածքային առումով ավելի մոտ է Հայաստանին, ինչը նշանակում է ավելի ցածր տրանսպորտային ծախսեր։ Եթե ապագայում գործի ուղիղ Հայաստան–Ադրբեջան հաղորդակցություն, ծախսերը կարող են զգալիորեն նվազել»,- նշեց նա։
Միաժամանակ տնտեսագետը զգուշացրեց՝ այս գործարքը չպետք է ներկայացվի որպես համընդհանուր լուծում։
«Այո, սա կարևոր քայլ է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր խնդիրները լուծված են։ Կան բազմաթիվ անվտանգային, տնտեսական և կազմակերպական հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ադրբեջանական SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն, ուղարկվել է Հայաստան։ Հայտարարվում է, որ գործարքը կրում է զուտ առևտրային բնույթ և իրականացվում է միջազգային շուկայական գներով։