Ի՞նչ է կատարվում նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով. Տուժած կինը դժգոհ է քննությունից
Իրավունք
13:14 22/12/2025
Հայաստան

Ի՞նչ է կատարվում նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով. Տուժած կինը դժգոհ է քննությունից

Կալանավորված նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանը ՔԿՀ-ում 3 ամիս 4 օր անցկացնելուց հետո դեկտեմբերի 16-ին ազատ արձակվեց, նրա խափանման միջոցը փոխվեց։ Սա հարուցել է Մուշեղյանի մասնակցությամբ  ողբերգական վթարի հետևանքով տուժած կնոջ՝ տաքսու ուղևոր Նվարդ Կոջամանյանի զայրույթը։

Տաքսու վարորդը՝ Անդրանիկ Առաքելյանը մահացել էր վթարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Սակայն նրա հարազատները դատական որևէ նիստի չեն ներկայացել, ասել են՝ բողոք չունեն։ Թե որն է դրա գինը, ենթադրել կարելի է միայն։ Նախկին քննիչի պաշտպանն ասում է՝ դա նրանց իրավունքն է։

Հ. Մուշեղյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Մուշեղյանի նկատմամբ ՔԿ-ում քննվում է մեկ այլ գործ՝ ավազահանքի շահագործման խախտումների վերաբերյալ։ Վարույթը հարուցվելուց օրեր հետո հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարվել է. այս տարվա սեպտեմբերի 12-ին Մուշեղյանը կալանավորվել է 3 ամսով։

«2025 թվականի օգոստոսի 29-ին Հ. Մուշեղյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու դեպքերով։ Ուստի, հիմք ընդունելով վերը նշված փաստական հանգամանքները, Դատարանը տվյալ փուլում գտնում է, որ մեծ է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ մնալով Հրաչյա Մուշեղյանը կարող է կատարել քրեական օրենսգրքով արգելված նոր արարքներ։ Հետևաբար, հաշվի առնելով, որ մեղադրյալ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ հիշյալ գործի քննության ընթացքում կիրառվել է բացակայելու արգելք, այնուհետև գրավ և հիշյալ խափանման միջոցների կիրառման ընթացքում Հ.Մուշեղյանը ենթադրաբար կատարել է ծանր հանցանք, Դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը պետք է փոխել և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ երեք ամսով»,-մասնավորապես նշվում է դատավորի որոշման մեջ։

Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործը քննող դատավոր Ջոն Հայրապետյանի այս որոշումը Մուշեղյանի պաշտպանները բողոքարկել են։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել որոշումը։ Դեկտեմբերի 11-ին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վերաքննիչ դատարանի՝ հոկտեմբերի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Հրաչյա Սիմոնիկի Մուշեղյանի պաշտպաններ Ա․Թամրազյանի և Ա․Կարապետյանի հատուկ վերանայման բողոքները։  Քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով։

Panorama.am-ի հետ զրույցում Մուշեղյանի մասնակցությամբ ողբերգական վթարի հետևանքով բազմաթիվ կոտրվածքներ ստացած  կինը դժգոհում է՝ գործով քննությունն իրականացվում է ոչ օբյեկտիվ, ձգձգվում է։ 2023-ի օգոստոսի 12-ի գիշերը բազմաթիվ վնասվածնքերով Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Նվարդ Կոջամանյանն ասում է՝ իր տպավորությամբ Մուշեղյանը հիմա փորձում է հրաժարվել բժշկական ծախսերը հոգալուց։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն,  նախկին քննիչը 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հարբած ոչ սթափ վիճակում՝ (ալկոհոլի պարունակությունը արտաշնչած օդի մեջ 0.803 միլիգրամ) իր վարած «FORD FUSION 1.6 ECOBOOST» մակնիշի մեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 38/4 հասցեի դիմացի հատվածում  ավտոմոբիլը դուրս է բերել  հանդիպակաց երթևեկելի ուղեմաս` կատարելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է այդ ուղեմասով ուղիղ երթևեկող Անդրանիկ Առաքելյանի վարած «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի ավտոմոբիլին։ Տաքսու վարորդը ստացած վնասվածքների հետևանքով մահացել է, իսկ ուղևորը՝ 53-ամյա Նվարդ Կոջամանյանը  կյանքին սպառնացող վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կոջամանյանի  մոտ ախտորոշվել են գանգուղեղային տրավմա՝ գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղման, ճակատի, իրանի, վերջույթների բազմաթիվ քերծվածքներ, թոքերի սալջարդ, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախից  քունքոսկրի խրթեշ՝ անցումով գանգի հիմ, կրծոսկրի, աջից 1,2,5,6,7,8,9,10-րդ, ձախից՝ 2,3,4,5,6,7,8,9-րդ կողոսկրերի, կրծոսկրի, ձախից նախաբազկի զույգ ոսկրերի, աջ ազդոսկրի գլխիկի փակ կոտրվածքի ձևով վնասվածքներ։

Կինը նշում է, որ Հանրապետական հիվանդանոց տեղափոխելուց հետո իր հարազատներին տեղյակ չեն պահել, փոխարենը գործին խառնվել են Մուշեղյանի խնամի-ծանոթ-բարեկամները։

55-ամյա Նվարդ Կոջամանյանը պնդում է՝ վթարից ստացած վնասվածքների հետևանքով այսօր ունի դիմածնոտային վիրահատության, դեմքին մնացած սպիների հարթեցման ու այլ միջամտությունների կարիք, որոնք ցուցել են մասնագետները և որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն 600 հազար դրամ։ Նա միջնորդությամբ դիմել է դատարան, որպեսզի Մուշեղյանի հաշիվներին այս չափով կալանք դրվի։ Ասում է՝ այս ու այլ ծախսերի վերաբերյալ հիմնավորումները ներկայացրել է դատարանին։

«Ճիշտ չի ասում։ Որևէ ծախսի հիմնավորում, անդորրագիր մինչ այժմ չի ներկայացրել։ Մենք նախաքննության ընթացքում նախաքննական մարմնին դիրքորոշում ենք ներկայացրել, որ այս ամենը շորթման տպավորություն է թողնում։ Ձեզ դիմած տուժողին մոտավորապես 10 մլն դրամ է  տրվել և առձեռն, և բուժման ծախսերը վճարելիս։ Մի քանի օր հիվանդանոցում է պառկել, այդ գումարը չի կարող 10 մլն դրամին մոտ լինել։ Նա մի քանի անգամ ավելի է վճարվել։ Ինքն անընդհատ գումար է ուզում։ Հայց է ներկայացվել, հայցը կքննվի, դատարանը որոշում կկայացնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մուշեղյանի պաշտպան Արամ Կարապետյանը՝ նշելով, որ այդ գումարները տրամադրվել են կնոջը Մուշեղյանի հարազատների կողմից։

Ն. Կոջամանյանը հակադարձում է, իրեն առձեռն տրվել է 5 մլն դրամ, քանի որ վթարից հետո ինքը մեկ տարի գամված է եղել սայլակին, չի կարողացել քայլել, առավել ևս աշխատել, բացի այդ էլ վարձով է ապրում։  Նա պնդում է, որ բոլորը ծախսերը կապված են հենց վթարի հետևանքով առաջացած խնդիրների բուժման հետ։ Իսկ թանկարժեք վիրահատության անհրաժեշտությունն էլ առաջացել է վթարի հետևանքով գանգի կոտրվածքների պատճառով։

Թե ինչքան  կձգձգվի այս գործի քննությունը, ինչ որոշում կկայացնի այդ հարցով դատարանը, դժվար է ասել։ Գործով վաղեմության ժամկետը 10 տարի է։ Հրաչյա Մուշեղյանը պատրա՞ստ է պատիժը կրել ազատազրկման տեսքով։ Հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Ա. Կարապետյանը նշեց՝ գտնում են, որ պրն Մուշեղյանն անմեղ է, մեղադրանքը դեռևս ապացուցված փաստ չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է կատարվում նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասնակցությամբ ողբերգական վթարի գործով. Տուժած կինը դժգոհ է քննությունից