Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրում եմ նույն տանը, նույն աղբն եմ արտադրում, բայց 5 անգամ ավելի վճարում. Դժգոհություն՝ երևանցիների շրջանում
Երևանում աղբահանության վճարը, որն այս տարվա սկզբից հաշվարկվում է նոր կարգով, դժգոհություններ է բարձրացել բազմաթիվ քաղաքացիների շրջանում։ Նոր կարգը ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։ Նախկինում աղբահանության վճարը հաշվարկվում էր բնակվող անձանց թվի, իսկ այժմ՝ բնակարանի կամ տան մակերեսի հիման վրա։ Քաղաքապետարանի գնահատմամբ՝ այս մեթոդը ավելի համաչափ է, սակայն որոշ բնակարանների դեպքում այն հանգեցրել է վճարի բավականին մեծ աճի։
61-ամյա Մարինե Գ.-ն, որը միայնակ է ապրում, Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տարբեր ապրանքների ու ծառայությունների թանկացման ֆոնին սա ևս վատ է անդրադարձել իր վրա ու տհաճ անակնկալ մատուցել։
«Ես միայնակ եմ ապրում մեծ տանը։ Տունս մորիցս եմ ժառանգել, ինքս չեմ աշխատում, առողջական խնդիրներ ունեմ և մի քանի տարի է՝ չեմ կարողանում աշխատել. տղաս է օգնում», - պատմեց Երևանի բնակչուհին։
Նրա խոսքով՝ տղայի տված գումարը չի հերիքում հոգալ մինիմալ ծախսերը, իսկ օրեցօր թանկացումներն էլ ավելի են բարդացնում իրավիճակը։
«Առաջ, երբ վճարը հաշվարկվում էր ըստ բնակվող անձանց թվի, ամսական վճարում էի մոտ 200 դրամ։ Իսկ հիմա, երբ վճարը հաշվում են ըստ բնակարանի մակերեսի, իմ վճարը հասել է 1060 դրամի։ Ես պարզապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս ես պիտի սա վճարեմ, քանի որ իմ ողջ գումարը ծախսվում է հիմնական կենսական կարիքների համար։ Սա ինձ համար ծանրություն է», - ասաց նա՝ նշելով, որ նոր մեթոդը անարդար է միայնակ, հատկապես առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։
Նրա խոսքով՝ նախկին կարգն ավելի ճիշտ էր արդարության տեսակետից. «Ես ապրում էի նույն տանը, նույն աղբն էի արտադրում, բայց հիմա ստիպված եմ վճարել ավելի քան 5 անգամ բարձր վճար՝ միայն այն պատճառով, որ բնակարանս մեծ է։ Ես չեմ կարողացել դիմել որևէ սոցիալական աջակցության, և չեմ տեսնում, որ առողջական վիճակով ինչ-որ արտոնություն լինի այս նոր համակարգում»։
Սոցցանցերում ևս տարբեր օգտատերեր իրենց բողոքն են ներկայացրել աղբահանության վճարի նոր կարգի վերաբերյալ։
«Մեր տան աղբահանության վճարը 400 %-ով ավելացել է: Մի ժամանակ անձով էին հաշվում, որը տրամաբանական էր, քանի որ մերը սեփական տուն է, մենք փաստացի արտադրում ենք 4-5 հոգանոց ընտանիքի համեմատ 2-3 անգամ քիչ աղբ, բայց վճարում ենք 4-5 անգամ շատ: Տնեցիքով տարվա կեսից ավելին տանը չենք լինում: Ես փաստացի վճարում եմ ծառայության համար, որից օգտվում եմ 50%-ով»,- գրել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր էլ մեկնաբանությւոններում առաջարկել է դիմել դատարան Երևանի քաղաքապետարանի այս որոշումը վիճարկելու համար՝ ընդգծելով, որ նման հաշվարկը անհիմն է։
Ավելի վաղ քաղաքապետարանը նշում էր, որ նոր համակարգը նպատակ ունի ավելի արդարացի դարձնել վճարումը՝ հաշվի առնելով իրական բնակարանի մակերեսը, բայց քաղաքացիների արձագանքները ցույց են տալիս, որ սոցիալական խոցելի խմբերի համար այս փոփոխությունը կարող է ֆինանսական ծանր բեռ լինել։
Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն այս փոփոխությունը անհիմն է որակում՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանին կարծես թե չի հետաքրքրում երևանցիների սոցիալական վիճակն ու ավելացող բեռի ազդեցությունը։
«Իհարկե, սա հակասոցիալական քայլ է՝ մարդկանց գրպանը մտնելու փորձ։ Ճիշտ այնպես, ինչպես բարձրացվել են տուրքերը, նույն կերպ բարձրացվել է նաև աղբահանության վճարը։ Եթե Երևանում ես ապրում ու սեփականություն ունես, այս կամ այն կերպ առնչվում ես դրան․ սա այնպիսի վճար է, որն ունի մաքսիմալ ընդգրկում և փաստացի վերաբերում է բնակչության մեծ մասին։ Այս ամենը սոցիալապես մարդկանց վիճակը վատթարացնելու միտված քայլեր են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամը։