Կառավարությունը մտնում է վարկով արևային վահանակ տեղադրած քաղաքացու գրպանը
Հասարակություն
11:57 24/12/2025
Հայաստան

Կառավարությունը մտնում է վարկով արևային վահանակ տեղադրած քաղաքացու գրպանը

ՏԿԵ նախարարությունը նախաձեռնել է «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով սահմանում է, որ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ են համարվում նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած  բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները, այսինքն արևային վահանակ տեղադրած շարքային քաղաքացին։ Նախագծի մեջ նաև ասվում է. «Զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողի կողմից ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և այդ ինքնավար էներգաարտադրողի սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվառվում և հաշվանցվում են ամսական կտրվածքով՝ անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից»:

Այս փոփոխությունը վերաբերում է շարքային քաղաքացուն, ով հիմնականում խոշոր վարկային միջոցներով իր տան տանիքին արևային վահանակ է տեղադրել։ Գործող կարգավորմամբ քաղաքացիների արևային վահանակների արտադրած էլեկտրաէներգիան հաշվանցվում էր տարեկան կտրվածքով։ Սա թույլ էր տալիս սպառողին ամռանը արտադրած ավելցուկ արևային էներգիան կուտակել ՀԷՑ-ում և ձմռանը, երբ արևային պանելներից ստացվող էներգիան գրեթե կրկնակի նվազում է, օգտագործել նաև իր կուտակած էներգիայի չափաբաժինը՝ օդորակիչներով տունը ջեռուցելու համար։ Առաջարկվող փոփոխությամբ ստացվում է, որ պետությունը քաղաքացուց հիմնականում ամառային շրջանում արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիան վերցնում է ամսական հաշվանցմամբ, էժան գնով, իսկ ձմռան ամիսներին նույն քաղաքացին ստիպված է լինում արևային վահանակների արտադրած էներգիայի պակասը լրացնել՝ պետությունից գնելով թանկ գներով՝ ինչպես մյուս՝ արևային վահանակներ չունեցող բաժանորդները։

Վարկային միջոցներով արևային վահանակներ տեղադրած տիկին Արուսյակը Panorama.am-ին հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունը քաղաքացու դեմ է։ Նա պատմեց, որ գործող կարգավորմամբ իրենք հնարավորություն ունեին սովորաբար ամառային ամիսներին արևային վահանակներից ստացվող ավելցուկ էներգիան կուտակել ՀԷՑ-ում և ձմռանը, երբ վահանակների արտադրած էներգիան նվազում էր և չէր բավարարում տան էներգասպառման պահանջներին, օգտագործել այն։ Այդ դեպքում, տիկին Արուսյակի խոսքերով, ինչ-որ չափով ձեռնտու է վարկային միջոցներով արևային վահանակներ դնելը և խնայած միջոցները վարկի փակմանն ուղղելը, իսկ նոր փոփոխության ընդունման դեպքում իրենք կտուժեն, իսկ արևային վահանակ դնել ցանկացողների համար այն այլևս ձեռնտու չի լինի։ Ստացվում է, որ պետությունը արևային վահանակների համար վարկ վճարող քաղաքացուց էժան գնով իր արտադրած էներգիան գնում է, բայց նույն քաղաքացուն իր արտադրած էներգիան վաճառում գրեթե կրկնակի թանկ գնով, իսկ քաղաքացին շարունակում է վարկը մարել։

Panorama.am-ը դիմեց ՏԿԵ նախարարությանը, որտեղից հայտնեցին. «Այդ հարցը դեռ քննարկումների փուլում է։ Որոշում չկա, ոչ էլ դեռ ԱԺ է ուղարկվել»։

Ի պատասխան մեր հարցին՝ ՏԿԵ-ից նաև հայտնեցին, թե օրինագիծը միայն նախարարության ներսում ներքին քննարկման է դրված, սակայն Panorama.am-ը պարզեց, որ նախագիծը e-draft.am հարթակում 05.09.2025 –ից մինչև  21.09.2025թ հանրային քննարկման է դրվել և ստացել բացասական արձագանքներ։

Խնդիրը պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեղ քաղաքական գիտությունների դոպտոր, պրոֆեսոր, էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանին։

«Տվյալ նախաձեռնությունը կարելի է մեկնաբանել մի քանի փոխկապակցված՝ իրավական, տնտեսական և քաղաքական-կարգավորիչ հարթություններում։ Նախ՝ կարգավորիչ տրամաբանության փոփոխություն է արձանագրվում։ Տարեկան նեթ-մեթերինգի (net metering) մոդելից անցումը ամսական հաշվարկի փաստացի նշանակում է, որ քաղաքացին այլևս չի դիտարկվում որպես երկարաժամկետ համակարգային գործընկեր, այլ որպես կարճաժամկետ ավելցուկի մատակարար։ Այս քայլը խաթարում է նեթ-մեթերինգի բուն գաղափարը, որը հիմնված է սեզոնային հավասարակշռման վրա․ ամռանը արտադրություն, ձմռանը սպառում՝ նույն սակագնային տրամաբանությամբ։

Երրորդ՝ ինստիտուցիոնալ վստահության խնդիր է առաջանում։ Էներգետիկ քաղաքականության կայունության հիմնական նախապայմանը կանխատեսելի կանոններն են։ Երբ խաղի կանոնները փոխվում են արդեն ներդրում կատարած քաղաքացիների համար, դա երկարաժամկետ առումով ազդակ է ոչ միայն արևային էներգետիկայի, այլ ընդհանրապես փոքր ու միջին էներգետիկ նախաձեռնությունների համար։

Չորրորդ՝ կարող ենք խոսել շահերի վերադասավորման մասին։ Մասնավորապես՝ Նեթ-մեթերինգի սահմանափակումը օբյեկտիվորեն ուժեղացնում է մեծ օպերատորների դիրքերը՝ նվազեցնելով դիստրիբյուտիվ (բաշխված) գեներացիայի գրավչությունը։ Սա դասական օրինակ է, երբ կարգավորիչը ոչ թե խթանում է դիվերսիֆիկացիան, այլ վերականգնում է մոնոպոլ տրամաբանությունը։ Սա, իր հերթին, հակասության մեջ է մտնում նաև կառավարության կողմից իրականացվող էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրի հետ, որից առհասարակ տարբեր ուղղություններով լուրջ նահանջ է նկատվում»,- ասաց Վահե Դավթյանը։

Հ.Գ. Արձանագրենք, որ օրենսդրական այս նախաձեռնությունը շրջանառվել է այն բանից հետո, երբ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակվեց ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանը և կառույցն Սամվել Կարապետյանից խլելու գրոծընթաց մեկնարկեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder