Կառավարության որոշմամբ ապահովագրության հիմնադրամի պաշտոնակատար նշանակված անձը՝ այս պահին այլ կառույցի՝ ՊԱԳ-ի պետ է. ԱՆ
Առողջություն
17:14 26/12/2025
Հայաստան

Կառավարության որոշմամբ ապահովագրության հիմնադրամի պաշտոնակատար նշանակված անձը՝ այս պահին այլ կառույցի՝ ՊԱԳ-ի պետ է. ԱՆ

Կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց, որ ձևավորվում է առողջապահական ապահովագրման պետական հիմնադրամ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարով։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ Անահիտ Ավանեսյանին  խորհուրդ տվեց հետևել Հիմնադրամի ձևավորմանը։

«Անահիտ Ավանեսյան, քանի որ երեկվա գրառումից հետո այլևս խորհրդականներ չունեք (հասարակական հիմունքներով խորհրդականը Հայաստանում քիչ է լինում ) մի տեսակ մեղավորության զգացում ունեմ, ուստի մի խորհուրդ ես կտամ՝ ուշադիր հետևեք հիմնադրամի աշխատակիցների ընտրությանը, թե չէ ծանոթ-բարեկամ, կին-ամուսին- սիրուհի․․․․բոլորը խառնելու են իրար․․.»,-գրել է Պողոսյանը։

Panorama.am-ը «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահից փորձեց պարզել, թե ինչ հիմքեր կան նման մտահոգությունների համար։

Ա. Պողոսյան-Առողջապահական հիմնադրամը ստեղծվել է նախորդ օրվա կառավարության որոշումով, որով գործող Պետական առողջապահության գործակալության (ՊԱԳ-ի) պետը, որը քաղաքացիական ծառայող է, նշանակվել է հիմնադրամի տնօրեն։ Պարզ չէ, թե արդյո՞ք նա այնտեղից ազատվել է, ո՞ւմ են նշանակելու որպես քաղծառայող ՊԱԳ-ի պետ, արդյո՞ք ՊԱԳ-ը լուծարվում է... Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։ Բոլոր դեպքերում կատարվածը օրենսդրական խախտումներով է։ Այսինքը՝ ՊԱԳ-ի պետը պետք է ազատված լիներ աշխատանքից, կամ այդ գործակալությունը պետք է լուծարված լիներ, բայց մենք ոչ մի բանի մասին չենք իմանում։ Ընդամենը գիտենք, որ կառավարության այդ որոշմամբ Սամվել Խարազյանին նշանակել է առաղջապահական ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ 6 ամիս ժամկետով։ Եթե նա այդ պաշտոնները պետք է համատեղի, ապա դա էլ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի խախտում է, որի պատասխանները ես նույնպես չունեմ, միայն կարող ենք արձանագրել, որ այսպիսի իրավիճակ է։

Panorama.am-Նույն անձի՝ Անահիտ Ավանեսյանի խորհրդական և տեղակալ լինելու մասին ԱՆ կայքէջի վերաբերյալ Ձեր գրառումից հետո խորհրդականին հեռացրին համապատասխան բաժնից, կարծո՞ւմ եք նաևը համատեղել է երկու պաշտոնները։

Ա. Պողոսյան-Ենթադրում եմ, որ փնթիություն է տեղի ունեցել։ Կայքն այնքան նայելու հավես չեն ունեցել, որ նախկին խորհրդականին նշանակել են փոխնախարար, սակայն խորհրդականների բաժնում նույն անձի անունունը գրառել են։ Խնդիրն այն է, որ իմ գրառումից հետո կայքէջի համապատասխան բաժնից երկու խորհրդականի անուններ են հանել։ Երկու պաշտոնում են աշխատում այդ աշխատակիցները, թե փնթիություն է, դրանց պատասխանը ես չունեմ, նախարարությունից կարող են ասել։

Panorama.am-ը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեց Առողջապահության նախարարությանը, որտեղից պատասխանեցին, որ դիմել են պետական ռեգսիտրին՝ Հիմնադրամը գրանցելու համար.«Որ պահից որ գրանցվի պարոն Խարազյանը իր դիմումի համաձայն կազատվի, բայց փաստացի, այս պահի դրությամբ, ինքը ՊԱԳ-ի պետ է»; Նախարարությունից նաև հայտնեցին, որ փոխնախարար նշանակված Աստղիկ Գրիգորյանի անունը կայքէջի խորհրդականների բաժնում մնացել է տեխնիկական խոտանի պատճառով՝ աշխատակիցների կատարած համապատասխան ուղղումը ինտերնետ կապի ընդհատման պատճառով կայքում չէր պահպանվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարության որոշմամբ ապահովագրության հիմնադրամի պաշտոնակատար նշանակված անձը՝ այս պահին այլ կառույցի՝ ՊԱԳ-ի պետ է. ԱՆ