Լույս իջնի արդարադատության հոգուն, հողը թեթև լինի վրան. Իրավապաշտպանը՝ 2025-ի մասին
Քաղաքական
17:44 29/12/2025
Հայաստան

Լույս իջնի արդարադատության հոգուն, հողը թեթև լինի վրան. Իրավապաշտպանը՝ 2025-ի մասին

«Տարին, իհարկե, շատ ծանր էր։ Մի քանի օր դեռ կա ու ես մտավախություն ունեմ, որ մենք առիթներ կունենանք արձանագրելու, որ արդարադատությունը Հայաստանում այլևս գոյություն չունի։ Եթե նախկին իշխանությունների օրոք մենք պնդում էինք, որ արդարադատությունը ծանր հիվանդ է, հիմա հանգիստ խղճով կարելի է ասել, որ արդարադատություն գոյութուն չունի, անգամ կարող ենք ասել մեր արդարադատության համակարգը մահացել է իշխանությունների թեթև ձեռամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման գնհատական հնչեցրեց իրավապաշտպան, «Նժար» քաղաքական ուժի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով, դրա մասին վկայում են խտրական մոտեցումներով, կասկածելի հիմքերով քրեական գործերը՝ մասնավորապես խոսքը Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի ու այլ գործերի մասին է։

«Անվանական կդժվարանամ բոլորին թվարկել, վախենում եմ մարդկանց բաց թողնել։ Բայց եթե անգամ այդ երկու գործը լիներ, կարելի է խոսել խտրական վերաբերմունքի մասին, սրան զուգահեռ ունենք մեկ այլ իրականություն, երբ իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ, ատելության խոսք են հնչեցրել ու փաստացի մնացել են անպատիժ։ Այնպես որ, ի՞նչ ասեմ, լույս իջնի արդարադատության հոգուն, հողը թեթև լինի վրան։ Այս իշխանության օրոք արդարադատության  վերակենդանացման որևէ ակնկալիք չկա»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Ավելին, հաշվի առնելով, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, կանխատեսումները վատատեսական են։ Կարապետյանցը վստահ է, տեսնելու ենք շատ ավելի ծանր դեպքեր, բախվելու են ավելի լուրջ խնդիրների, հատկապես, երբ նախկինում իշխանություններին զսպող մեխանիզմներն այլևս չեն աշխատում, արհամարհում են իր իսկ կողմից սահմանած խաղի կանոնները։

«Եթե մենք նախկինում հնարավորություն ունեինք դիմելու միջազգային գործընկերներին, միջազգային կառույցներին ու ակնկալել իշխանությունների սաստում, ինչ-որ իմաստով միջամտություն, հիմա այդ բոլոր գործիքները չտեսնելու են տալիս Նիկոլ Փաշինյանի գործողությունները, ավելին որոշել են, որ կարելի է անգամ ինչ-որ գործողություններ իրականացնելու համար աջակցություն ցուցաբերել։ Բայց սա շատ հստակ լուծում ունի, հայ ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի ընտրությամբ իր խոսքն ասել։ Սա իսկապես բացառիկ ընտրություն է, դա պետք է լինի հայ ժողովրդի պատասխանը այն բոլոր անարդարություններին, նվաստացումներին, արժանապատվության ոչնչացմանը, որով մենք անցանք վերջին 5 տարիներին։ Ես գրեթե վստահ եմ, որ մենք ունենալու ենք այդ արձագանքը, եթե քաղաքական ուժերը կարողանան ճիշտ կողմնորոշել»,-ասաց Ն. Կարապետյանցը։

Հաշվի առնելով, որ իրավապաշտպանը հայտարարել է «Նժար»-ի կողմից 2026-ի ընտրություններում վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին, հարցրեցինք՝ ի՞նչ է նշանակում ճիշտ կողմնորոշել հասարակությանը։

«Մարդիկ պետք է հասկանան, որ չկան այլևս անձնական ամբիցիաներ, չկան նախասիրություններ, սիմպատիաներ ու անտիպատիաներ, կա մի խնդիր՝ փորձել Հայաստանը պահպանել կազմաքանդումից, ոչնչացումից։ Բոլոր այն ուժերը, որոնք անձնական ամբիցիաներն ավելի են դասում, պետք է իրենց հաշիվ տան։ Մենք հիմա իսկապես կարիք ունենք անգամ ծայրահեղ, ոչ ստանդարտ քայլերի, որոնք հնարավորություն կտան կասեցնել բարոյականության, պետականության այս անկումը, այս ուղղությամբ օրենքից բխող ցանկացած քայլ պետք է արդարացված լինի, մարդիկ պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը մեզ համար կործանարար է լինելու»,-ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լույս իջնի արդարադատության հոգուն, հողը թեթև լինի վրան. Իրավապաշտպանը՝ 2025-ի մասին