Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաչիկին ձերբակալելը փոքրոգություն է, անմարդկային քայլ. Հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքում են «Հայրենիք»-ի անդամների ձերբակալություններին
Հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքացիներ քննադատում են «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի ձերբակալությունն ու իրենց զորակցությունը հայտնում նրան։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, դեռ չի մեկնաբանել, թե ինչ գործի շրջանակում է ձերբակալվել Գալստյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ է:
Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտեմ. քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է:
Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված է մասնագիտական հիմքի և ողջամիտ դատողությունների վրա:
Իմ սատարումն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության խայտառակ գործողությունների թիրախում են»։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.
«Քաղաքական հետապնդումները շարունակվում են…
Քաղաքական ռեպրեսիաները նախընտրական տարում չնկատող «ժողովրդավարները» ուղղակի զզվելի են՝ թե միջազգային և թե տեղական մակարդակում:
Քաղաքական բանտարկյալների ամեն մի գործ անջնջելի ամոթ է մեր երկրի հեղինակության վրա:
Ամբողջական զորակցությունս եմ հայտնում Խաչիկ Գալստյանին, ով քիչ առաջ ձերբակալվեց հակակոռուպցիոն կոմիտեում հերթական «պատժիչ» մի գործի շրջանակում:
Հատկապես անհասկանալի է Նոր տարվա նախաշեմին ընտանիքներին այսպես հարված հասցնելը:
Քանի երեխա է Ամանորն անցկացնելու առանց պապայի, քանի ընտանիք է Ամանորին լսելու նույն մաղթանքը, և այս ամենը մարդկանց՝ ինչ-որ անհասկանալի մեղադրանքներով մեկուսացված լինելու պատճառով:
Քաղբանտարկյալները մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, ճակատագրեր…
Հ.Գ. Տեսնես Նիկոլը Նոր տարվա ամենատարածված կենացը գիտի...»։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այստեղ կարող էր «ստանդարտ» տեքստ լինել, բայց Խաչիկ Գալստյանը մեծատառով մարդ է՝ հայրենասեր, պարկեշտ, մտավորական, գիտնական, ընկեր, ավանդական ընտանիքի հայր։
Խաչիկին ձերբակալելը փոքրոգություն է՝ պարզապես անմարդկային քայլ»։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Սրանք ժամեր առաջ Խաչիկին են տարել:
Արցախում էինք, կոնֆերանսի, 2020-ից հետո. Խաչը ելույթ ուներ, տեքստ ասեց, կեսից չկարողացավ շարունակել ... զոռ էր ու զոռ ա ...
Արցախը սեփական հայրենիք դիտարկողը ու դրանով ապրողը ո՞նց ուրիշ ձև...
էդ Տղու հայրենասիրության մի գրամը ունենայիք ...»։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարի թեկնածու Արամ Քոչարյանի և կուսակցության քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ձերբակալությունը վկայությունն է այն փաստի, որ իշխող խմբավորումն իրականում պարտվել է անգամ ընտրության շեմը չհաղթահարած քաղաքական ուժին։
Ադրբեջանա-թուրքական խմբավորման համար ցանկացած ընտրություն առիթ են անցանկալի անձանց ապօրինի ձերբակալելու համար։
Հ.Գ. Վաղարշապատի ընտրությունների առիթով դեռևս ապօրինի կալանքի տակ են գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարազատ եղբայրը և նրա որդին»։