Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարման անընդունակություն եւ քաղաքացիներից փող հավաքելու անհրաժեշտություն. Վերլուծաբանը՝ ապահովագրության համակարգի մասին
«Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվում է, մարդկանցից արդեն դեկտեմբերին գանձում են հունվարի համար վճարելիք փողը, իսկ ահա համակարգի կառավարման օպերատոր ընտրված չէ»,-իրավիճակը ներկայացնում է քաղքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Ինչի՞ մասին է այս փաստը: Երկու բանի. կառավարման անընդունակություն եւ քաղաքացիներից փող հավաքելու անհրաժեշտություն: Այն, որ Հայաստանն ըստ էության չի կառավարվում եւ իշխանությունը պարզապես զբաղված է համընդհանուր քարոզչության գործով, նորություն չէ վաղուց: Հետեւաբար, մարդիկ, որոնք ի վիճակի չեն իրականացնել տրանսպորտային ռեֆորմ, որոնք ի վիճակի չեն իրականացնել ոստիկանական ռեֆորմ, բնականաբար չեն կարող իրականացնել նաեւ առողջապահական ռեֆորմ:
Ռեֆորմը պահանջում է մտածողություն, ոչ թե կրկնօրինակում: Ռեֆորմը պահանջում է գիտելիքի ադապտացիա տվյալ պետության իրողություններին, այլ ոչ թե այլ պետություններում «տեսածի» կրկնօրինակման փորձ: Ռեֆորմատոր են արդիական եւ լայն մտածողները, ոչ թե կրնօրինակողները:
Ինչի՞ համար է պետք փողը: Պետական պարտք փակելու համար: Միայն 2026 թվականի պետբյուջեով պետք է պետակկան պարտքի սպասարկման ուղղվի ավելի քան 1 տրիլիոն դրամ: Հետեւաբար պետք է փող հավաքել որտեղից պատահի: Դե, իսկ քաղաքացին, ինչպես ցույց է տվել ՔՊ կառավարումը, իրականում թե տուգանքի մատերիալ է, թե զանազան պատրվակներով «քերվելու» մատերիալ, ներեցեք այս արտահայտությանս համար:
Ահա եւ առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգի այսպես ասած հապճեպ ներդրման պատճառը, երբ օրենքը ընդունում են դեկտեմբերին, եւ քաղաքացիներին ժամանակ իսկ չեն տրամադրում իրենց ընտանեկան բյուջեները համապատասխան ձեւով պլանավորելու եւ ապահովագրական համակարգին պատրաստվելու համար:
Եվ սա դեռ ամենը չէ: Քաղաքացին դեռ շատ ու շատ «վարձավճարների» առիթ է ունենալու՝ «ինքնիշխան» ու «անկախ» պետականության մասին քարոզի ներքո, երբ ծպտուն հանողը տեղում որակվելու է գործակալ եւ մի հատ էլ տուրք է վճարելու գործակալ լինելու համար»։