Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Սաքո ձյաձյան կարճահասակ, համարյա ֆիդայական բեղերով ու խիստ կենսուրախ մարդ էր։
Բերձորում գրեթե բոլորը նրան ճանաչում էին իր արագ քայլքով, ոչ սրամիտ, բայց կենարար հումորներով ու աշխատասիրությամբ։ Բազմազավակ այդ ընտանիքի հայրը չգիտեմ էլ, թե որտեղից էր տեղափոխվել ազատագրված Արցախ, բայց որ ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում հայտնվելու բացառիկ տաղանդ ուներ, դա փաստ է։
Իսկ 2002 թ. նա փրկեց իմ ամանորը։
Այդ տարվա ձմեռը խիստ ձնառատ էր՝ ի ուրախություն մեզ երեխաներիս, և ի դժբախտություն սապոգ առնելու հանձնակատար դարձած մեր ծնողների։ Նոր տարվան ընդառաջ էնքան ձյուն էր եկել, որ քայլելուց կարծես օդով գնայիր։ Մենք Բերձորի ծայրամասում էինք ապրում, ու նոր տարվա գիշերը երկրորդ հերթ պահակություն անող հորս հետ միասին ընտանիքով անցկացնելու համար դեկտեմբերի 31-ին պետք է կտրեինք մոտավորապես 5 կիլոմետր այ էդ ձնածածկ ճամփեքով և հասնեինք իր աշխատավայր։ Ու քանի որ էդ թվականներին Արցախի այդ հատվածում ո՛չ նորմալ մեքենա կար, ո՛չ տրանսպորտ ու մաքրիչ մեքենա, էդ կիլոմետրերն անցնելը թվում էր անհնար։ Չէր թվում. անհնար էր։
Դեկտեմբերի 31-ին մենք տխուր նստած էինք. պարզ էր, որ հերիք չի՝ Ամանորը միասին չէինք լինելու, դրան գումարած՝ հեռուստացույց էլ չէինք կարողանալու նայել (մեզ հասանելի միակ հեռուստացույցը հորս աշխատավայրում էր)։ Օրվա երկրորդ կեսին, գրեթե հուսահատ, լսեցի իմ անունը կանչող ձայն հեռվից։ Անակնկալ, գրեթե հոլիվուդյան տեսարանով սպիտակ ձների միջից երևաց Սաքո ձյաձյան։ Չնայած իր կարճահասակությանը՝ նա հեշտությամբ, կարելի է ասել ցատկերով հաղթահարում էր ձյան «դավադիր» շերտերը։ Իմ պատասխան կանչից հետո միանգամից լայն ժպտացող Սաքոն շարունակեց. «Վարուժա՜ն, ավտոբուսն եկել ա, հավաքվեք, տանում եմ ձեզ պապայիդ մոտ»։
«Ավտոբուսը Սաքո»ն էր, «Ամանոր» օպերացիան էլ՝ սկսված։
Մեր ուրախությանը չափ չկար։ Սաքո ձյաձյան ուրախ, ինչ-որ անհավանական պատմություններ պատմելով մեզ տանում էր Բերձորի մարդազուրկ փողոցներով։ Հետո պիտի պարզվեր, որ լսելով հորս տրտունջը, թե չի կարող գործը թողնել ու գալ մեր հետևից, Սաքոն ինքնակամ հորս ի պահ էր տվել ամանորյա առևտուրը, զվարթ ասել, որ ոտքով կգնա ու քաղաքի ծայրից արագ-արագ մեզ կհասցնի մյուս ծայրը։
Բայց դա էլ ամենը չէ։ Քայլելիս Սաքոն նկատեց, որ տխրել եմ. մոռացել էինք մեր սովետական մագնիտոֆոնը, որը հեռուստացույցի կողքին թեև խամրելու էր, բայց միևնույն է՝ իր ուրույն դերը պիտի խաղար ամանորյա մեր «փառատոնի» մեջ։ Տեսնելով իմ տխրությունը, Սաքոն նորից հետ քայլեց մի քանի կիլոմետր, վերցրեց մագնիտոֆոնն, 90-ականների ռեփերների պես այն դրեց մի ուսին ու մեզ հասցրեց հորս մոտ։
Հետո ուրախ, լայն ժպիտով, վերցրեց իրերը, արեց հերթական «անհետաքրքիր» հումորն էն մասին, որ իր կինն էլ չի հասցնի եփել ամանորյա աղցանները, որովհետև ինքը նոր պիտի հասցնի տուն ձուն ու գառոխը ու իրեն, հավանաբար, գառոխ ու ձու կդարձնի, և շտապեց Բերձորի բոլորովին մյուս ծայրում՝ գրեթե սարի գագաթին գտնվող իր տուն, ուր գնալ-հասնելը եղանակային էդ պայմաններում շատ ավելի երկար ու բարդ էր։
Սաքոն փրկեց իմ նոր տարին։ Սաքոն ու իր պես մարդիկ ամեն օր ապրում ու երազում էին Արցախում։ Ու երազանք պարգևում մնացածին։
2026 թ. հայկական երազանքը պարգևելու մեր ժամանակն է։
Ու թո՛ղ բոլորիս կյանքում միշտ լինի ամանորյա երազանք ու Սաքո ձյաձյաները, որոնք կօգնեն այն իրականություն դարձնել»։