Թալինի Եկեղեցում կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից
Հասարակություն
20:02 01/01/2026
Հայաստան

Թալինի Եկեղեցում կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու առնչությամբ, որում ասվում է.

««Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։

Համայնքապետի հետ զրույցից հետո հոգևորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել:

Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է, որ 2026թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին իր անձը պետք է ներկայացվի, որպես Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ Պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:

Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն: Եվ ամենակարևորը. Հայ Եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:

Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։ Եկեղեցի ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։

Սուրբ Եկեղեցու անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

Տերը օգնական հայոց ազգին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թալինի Եկեղեցում կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից