Աբովյանում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել
Հասարակություն
10:31 04/01/2026
Հայաստան

Աբովյանում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Shamshyan.com-ը հայտնում է՝ օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված վայր օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել ու աշխատակիցը երբ մտել է ներս, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխախոտը կամ միացրած, կամ էլ ներսում է վառել ծխախոտը, ինչից էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Աշխատակիցը, որը ըստ դեպքի վայրում հավաքվածների հերթափոխի պետ՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։

Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աբովյանում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել