Տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի. ԱՆ
Առողջություն
17:12 05/01/2026
Հայաստան

Տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի. ԱՆ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը:

Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Նշվել է, որ տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի։ 2025 թ.–ի համար այն ինչ նախատեսվել էր, ամբողջությամբ կատարվել է․ համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, ծառայությունների, դեղերի, կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարումը և նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ և դրա վճարումը չի տեսնում։ 

«Որովհետև հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, այսինքն՝ համակարգը պետք է ճանաչի բուժառուին և իմանա իր բուժման հետագծելիությունը, սա շատ կարևոր և սկզբունքային պայման է։ Մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունն ապահովելն է, դրա համար կարևոր է, որ տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում համապատասխան պրոֆիլի հետ»,– ասել է նա՝ հավելելով, որ դա տվյալ է, որը հետո կարող ենք վերլուծել և ծրագրերի մեջ որոշակի կարգաբերումներ անել։ «Մեր խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ բան է տեղի ունենում, որը մենք չենք տեսնում։ Եթե մենք տեսնում ենք՝ դա դառնում է մեր նյութը, որի հետ պետք է աշխատենք և դրանից բխող քաղաքականությունների լավարկման որոշումներ կայացնենք։ Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, խիստ միջոցներ ձեռնարկել և կարգավորումներ սահմանել, ընդհուպ՝ առողջապահական հիմնարկի նկատմամբ կիրառելով սանկցիաներ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծվել է, որ 2026 թվականին առողջապահության ոլորտի բյուջեն 2025 թվականի 164 միլիարդ դրամի համեմատ աճել է՝ հասնելով 220 մլրդ դրամի։ «Այսինքն՝ ավելի քան 100 մլն դոլար ներդնում ենք՝ ոլորտը կարգավորելու համար»,–ասել է Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տարվա առաջին օրերին ապահովագրության համակարգից օգտվել է 771 քաղաքացի. ԱՆ