Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
10 եպիսկոպոս Նիկոլ Փաշինյանի կեցավայրում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարություն են ընդունել: Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել են հետևյալ հայտարարության տեքստը։ Հենց նա էլ ընթերցել է այն.
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման.
Մենք՝ ներքոստորագրյալներս.
– հավատալով ու հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ սերմանված հավատին, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ Հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդությանը,
– ընդգծելով Հայաստանի Հանրապետության արժեքահենք հանրության զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը,
– մտահոգված լինելով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորված մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ,
– դատապարտելով և անընդունելի համարելով Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր օրակարգերի և օտար շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը,
– արձանագրելով, որ Եկեղեցու կամայական կառավարումը և խտրականությունը հանգեցրել են հոգևոր կյանքի բնականոն ընթացքի խաթարման, Եկեղեցու ներսում պառակտումների, ազգային-հոգևոր արժեքների հետընթացի,
– ընդունելով և ճանաչելով մեր բաժին մեղավորությունը և պատասխանատվությունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված այս իրավիճակի համար և ապաշխարությամբ վերափոխվելու անհրաժեշտությունը,
– համոզված լինելով, որ արժեքահենք հասարակության տեսլականը հնարավոր չէ կյանքի կոչել առանց մեր արժեհամակարգային կենտրոնի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման,
Հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով.
1. Բարենորոգման օրակարգի հանրահռչակում,
2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
3. Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում. Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
5. Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականաց դասին և բոլոր հետևորդներին կոչ ենք անում աջակցել, միանալ Եկեղեցու բարենորոգմանը, համախմբվել այս նպատակի շուրջ՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ձևավորում ենք Համակարգող խորհուրդ, որին վերապահում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։
Սույն կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
Տ.Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
Տ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Տ.Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան (համաձայնեցված է)
Տ.Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Տ.Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյան»:
Հայտարարությունը ստորագրել են Նիկոլ Փաշինյանը։ Իսկ 10 եպիսկոպոսից ներկա են եղել Փաշինյանի կեցավայրում 8-ը:
«Այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են՝ հունվարի 5-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ճրագալույցի պատարագը և Սուրբ ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:



