Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքացիները մերկասառույցին ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստանում, շտապօգնությունն արձանագրում է կանչերի նվազում
Երևանում ձյան առատ տեղումներից հետո առաջացած մերկասառույցը լուրջ վտանգ է դարձել քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերում վերջին օրերին տարածվում են քաղաքացիների գրառումներ՝ սառույցի վրա ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների մասին։
Մասնավորապես, քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի 27ա շենքի բակում, բնակիչների խոսքով, տարածքը երկար ժամանակ անմխիթար վիճակում է եղել։
«Երեկ հարևանուհիս ընկավ ու կոտրեց ոտքը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք վճարում համապատասխան մարմիններին։ Նրան վիրահատել են, և դեռ պարզ չէ, թե ինչպես կընթանա առողջական վիճակը, ու քանի մարդ դեռ կարժանանա նման ճակատագրի»,– գրել է տարածքի բնակիչներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի, դիմելով Երևանի քաղաքապետարանին, պատմում է իր ընտանիքի ցավոտ փորձության մասին։ Նրա մայրն ընկել է մերկասառույցի վրա և ստացել մի շարք ծանր վնասվածքներ։ Քաղաքացին նշում է, որ հիվանդանոցներում այս օրերին մեծ թվով մարդիկ են հայտնվում հենց սառույցի պատճառով ստացած կոտրվածքներով։
«Մի հատ այցելեք հիվանդանոցներ ու տեսեք՝ ինչ խայտառակ վիճակ է։ Բոլոր հարկերում, բոլոր կաբինետներում մերկասառույցից կոտրվածքներ ստացած մարդիկ են։ Ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար»,– գրել է նա։
Քաղաքացու խոսքով՝ մոր մոտ ախտորոշվել է ոտքի խնձորակի կոտրվածք, և բուժման ծախսերը զգալի են․ միայն վիրահատության արժեքը կազմում է 220 հազար դրամ, անալիզները՝ 58 հազար դրամ, իսկ պրոտեզի արժեքը՝ ավելի քան մեկ միլիոն դրամ։ Օսթեոարտրոզի առկայության պատճառով, բժշկական եզրակացությամբ, անհրաժեշտ է տոտալ պրոտեզավորում, որի ընդհանուր արժեքը հասնում է մոտ 1 միլիոն 428 հազար դրամի։ Այդ պատճառով ընտանիքը ստիպված է եղել դրամահավաք սկսել։
Մինչ քաղաքացիները սոցիալական ցանցերում ահազանգում են մերկասառույցի վտանգների մասին, Երևանի Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը ներկայացնում է այլ պատկեր։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-2-ին գրանցված շտապօգնության կանչերի ընդհանուր թիվը, նախորդ տարիների համեմատ, նվազել է։
«Եթե նախորդ տարիներին տարվա վերջին օրերին մենք ունենում էինք օրական 1000-ից 1200 կանչ, ապա այս տարի այդ թիվը եղել է 800–900-ի սահմաններում»,– Panorama.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է հենց սառույցի վրա ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներին, շտապօգնության տնօրենի խոսքով՝ այդ օրերին գրանցվել է 16 կանչ՝ նախնական կոտրվածքներ ախտորոշմամբ, որոնցից 14 դեպքը ավարտվել է հոսպիտալացմամբ։ Մնացած երկու քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել բուժհաստատություն։
«Սրանք հիմնականում նախնական ախտորոշումներ են՝ բազկոսկրի, նախաբազկի կամ այլ հատվածների կոտրվածքներ։ Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չենք ունեցել»,– ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ շտապօգնության թիմերն ամբողջական ախտորոշում տեղում անել չեն կարող, և բոլոր եզրակացությունները նախնական են։
Տարիքային կամ վարչական շրջանների կտրվածքով առանձին վիճակագրություն, նրա խոսքով, չի վարվել։ Վնասվածքներ ստացած քաղաքացիները տարբեր տարիքային խմբերից են եղել և տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ։
Ռուբեն Գրիգորյանի գնահատմամբ՝ բարեբախտաբար սպասելիքները շատ ավելի ծանր սցենարի վերաբերյալ չեն արդարացել։
«Մենք նույնիսկ բրիգադների քանակն էինք ավելացրել՝ սպասելով 50-60 նման դեպքի, բայց իրականում սառույցի հետ կապված կանչերը քիչ էին, և ընդհանուր ծանրաբեռնվածությունը նվազած էր»,– նշեց նա։
Սակայն, ինչպես ցույց են տալիս քաղաքացիների պատմությունները, նույնիսկ վիճակագրորեն «քիչ» դեպքերը կարող են կոնկրետ մարդկանց համար դառնալ առողջական, ֆինանսական և սոցիալական լուրջ խնդիր։ Մերկասառույցի խնդիրը հերթական անգամ բերում է պատասխանատվության հարցը՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի հանրային տարածքների անվտանգությունը ձմեռային ամիսներին։
Panorama.am-ը նաև դիմեց Իզմիրյան ԲԿ՝ հասկանալու հիվանդանոցում քանի դեպք է արձանագրվել։
«Դեկտեմբերի 30-ից մինչ այսօր հիվանդանոց են դիմել 7 քաղաքացի մերկասառույցին ընկնելու հետևանքով վնասվածքներով»,- հայտնեցին ԲԿ-ից։