Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Կապույտ մզկիթում բացվեց Իրանի պատմական հուշարձաններին և զբոսաշրջային տեսարժան վայրերին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին։ Նկարների միջոցով այցելուն կարող է բացահայտել Իրանի բազմադարյա պատմության, ճարտարապետական ժառանգության և բնական հարստությունների գեղարվեստական պատկերը։
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահադն ասաց, որ ցուցահանդեսը նվիրված է Իրանի պատմական հուշարաններին և զբոսաշրջային վայրերին, նպատակ է հետապնդում ներկայացնել Իրանն իր ողջ գեղեցկությամբ։
«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հայ հասարակությունն էլ ավելի լավ ծանոթանա Իրանի պատմական հուշարձաններին և զբոսաշրջային վայրերին, որպեսզի ունենանք հայ հասարակության էլ ավելի ակտիվ ներկայություն Իրանում»,- նշեց նա։
Մոհամմադ Ասադի Մովահադի խոսքով, Իրանն ու Հայաստանն ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, սակայն ցավալի է, չնայած դրան և երկու երկրների միջև լավ մշակութային կապերին, հայ ժողովուրդը բավականաչափ ծանոթ չէ Իրանի մշակութային վայրերին, պատմական հուշարձաններին։
Նա նշեց, որ իրանցի ժողովուրդը բավական լավ ծանոթ է հայ մշակույթին, հուշարձաններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ռուսաստանից, Վրաստանից հետո Հայաստանում զբոսաշրջիկների թվով ամենամեծը Իրանն է, նաև այդ գործում մեծ դեր է խաղում իրանահայ համայնքը. «Բազմաթիվ տոների, հատուկ օրերի ժամանակ բազմաթիվ իրանցիներ են գալիս Հայաստան։ Այս տարվա ամանորյա տոնակատարության ժամանակ ինքս եղել եմ Հանրապետության հրապարակում, մոտավորապես 50 տոկոսը հենց իրանցի էին»։
Ցուցահանդեսը բաց է այցելուների համար հունվարի 9-2-ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00-ից 17։00-ն։


