Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսպիսի զանգվածային հատումներ, կանաչ կմախքի ոչնչացման գործողություններ չեն եղել ոչ մի իշխանության ժամանակ․ Վարդանյան
«Այսօր ես կարող եմ հպարտորեն ասել՝ Երևան քաղաքն այլևս վերականգնել է Սովետական Միության կանաչ ֆոնդի տարածքները»,- այս մասին 2025թ․-ի ավարտին հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բոգոյանը, ապա հավելեց․
«Սովետական Միության լավագույն ժամանակահատվածում հաշվարկված է եղել 908 հա հանրային օգտագործման կանաչ տարածքներ։ Ունենալով 2020-21 թվականի տվյալները, որը կազմում է շուրջ 850 հա, մենք դրան արդեն իսկ ավելացրել ենք ևս 60 հա։ Հետևաբար, Երևան քաղաքում հանրային օգտագործման կանաչ տարածքները հասել է 910 հեկտարի, որով հաղթահարել կամ հասել ենք Սովետական Միության լավագույն ժամանակներին»։
Մինչդեռ ոլորտի այլ մասնագետներ այդ կարծիքին չեն։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում զավեշտալի համարեց այս հայտարարությունը։
«Խորհրդային Միության ժամանակ մենք ունեինք ավելի քան 900 հա կանաչ տարածք։ Ասել, որ հասել են այս ցուցանիշին՝ ուղղակի ծիծաղի է։ Այդ անձը մասնագիտական որևիցե առնչություն չունի ոլորտի հետ, դրա համար ավելի լավ կլինի մասնագետները խոսեն։ Ես լսեցի նաև Երևանի քաղաքապետի խոսքը։ Քաղաքապետը պարտավոր չէ իմանալ, բայց այն մարդիկ, որոնք տեղեկատվություն են տրամադրում, պետք է ստուգված տեղեկատվություն տրամադրեն։ Ասում են՝ 2000-2022 ստեղծվել է այնքան կանաչ տարածք, որքան իրենք են ստեղծել 2022-ից մինչ օրս։ Սա ևս խոսում է այն մասին, որ նույն սխալ տեղեկություն են տրամադրում։ Նույն Բնապահպանության վարչության նախկին պետն իր զեկույցում նշել է, որ 2004-2007թթ․ Երևանում ստեղծվել է 150 հա կանաչ տարածք։ Այսինքն՝ այս 60 հա-ը, որի մասին խոսում է նաև Երևանի քաղաքապետը․ որևիցե պարագայում չի կարող լինել այն թվային տվյալներով, որի մասին խոսում են։ Դրա համար քաղաքապետարանի խորհուրդ կտամ, մի փոքր ավելի ուշադիր լինել այդ ոլորտի և տվյալների մասին խոսելիս»։
Վարդյանյանը նշեց, որ կանաչապատման մեջ ընդունված է հաշվել ծառերի սաղարթի մակերեսը։
«Եթե հիմա Ծիծեռնակաբերդի մոտ տնկվել են փոքրիկ տնկիներ և համարում են, որ ընդլայնել են կանաչ տարածքները, պետք է հասկանալ, որ Երևանի ամբողջ փոքր կենտրոնը զրկվել է սաղարթախիտ ծառերից: Այդ ծառերը հսկայական էկո ծառայություն էին մատուցում քաղաքին և դրանք ունեին սանիտարահիգիենիկ արտահայտված հատկանիշներ, մինչդեռ նորատունկ ծառերն ունեն էսթետիկ հատկանիշներ։ Հիմա պետք է 20-30 տարի սպասենք, մինչև սաղարթ լինի փոքր կենտրոնում և հայտարարել, որ մենք 20 տարվա բացը լրացրել ենք, ուղղակի բացարձակապես չեն պատկերացնում,թե ինչի մասին են իրենք խոսում։
Սա ոչ մասնագիտական, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Ես նույնիսկ կասեի, որ այն վնասը, որը տվել է 2023 թ․-ին իրականացված «Ծառերի փոխարինման» ծրագրով Երևան քաղաքի կանաչ ֆոնդին, նախորդ 20 տարիների ընթացքում նույնիսկ մոտ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև փողոցների ծառերը անսասան էին։ Այսպիսի զանգվածային հատումներ, կանաչ կմախքի ոչնչացման գործողություններ չեն եղել ոչ մի իշխանության ժամանակ»,- հավելեց մեր զրուցակիցը՝ արձագանքելով կանաչապատման ոլորտում իշխանության հայտարարած «ձեռքբերումներին»։
Հաշվի առնելով Երևան քաղաքի օդի աղտոտվածության մտահոգիչ ցուցանիշները, կանաչ ֆոնդի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է Վարդանյանը։
«Եթե կանաչապատման մասով էլ ուզում են ինչ-որ դրական բանի մասին խոսել,ապա Երևանի համար կենսական կարևորություն ունեցող մակերեսները բաց վիճակում չպետք է լինեն։ Դրանով պետք է զբաղվեն, այլ ոչ թե կայացած նորմալ ծառերը, խոշոր ծառերը բուժելու փոխարեն՝ զանգվածային հատեն»,- եզրափակեց նա։