Քարաթափումներ, ջրահոսքեր ու չհանձնված շենք․ բնակիչները հայտնվել են փաստի առաջ
Հասարակություն
17:25 10/01/2026
Հայաստան

Քարաթափումներ, ջրահոսքեր ու չհանձնված շենք․ բնակիչները հայտնվել են փաստի առաջ

Երևանի Տիգրան Մեծ բնակելի համալիրի բնակիչները հայտնվել են փաստի առաջ․ կառուցապատող «Շինա» ՍՊԸ-ն շենքի հանձնման ժամկետից 3 տարի անց դեռ չունի շենքի ավարտական ակտն ու բնակիչները չեն ստացել սեփականության վկայականները։ 

Բացի այդ՝ թեև արդեն բնակիչների մեծ մասը ապրում է շենքում, բայց լուրջ տեխնիկական ու կառավարման խնդիրներ են նկատել։ Բնակիչների խոսքով՝ խնդիրները ի սկզբանե են եղել և տարիների ընթացքում ոչ միայն չեն լուծվել, այլ խորացել են։

Բնակիչներից մեկը նշեց, որ շենքի թերությունները ակնհայտ էին դեռ երկու տարի առաջ։

«Խնդիրները ոչ թե հետո են առաջացել, այլ ի սկզբանե են եղել։ Ջերմամեկուսացում ընդհանրապես չի արվել, դա տեսանելի էր։ Բացի այդ, կառուցապատողի կողմից բազմաթիվ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, փորձել են բնակիչներից ավելորդ գումարներ շորթել», -ասաց բնակիչը։

Նրա խոսքով, այսօր էլ կառուցապատողը բնակիչներից շարունակում է գանձել սպասարկման վճար՝ առանց փաստացի սպասարկում ապահովելու։

«Քառակուսի մետրի համար վերցնում են 250 դրամ։ Կան բնակիչներ, որ արդեն չորրորդ ամիսն է՝ վճարում են, բայց սպասարկումը զրո է։ Մաքրությունից բացի՝ ոչինչ չի արվում, այն էլ շատ թերի։ Ավելին՝ ասում են՝ եթե չվճարեք, նոտարի մոտ չենք մտնի, ջուրը կանջատեն, շենքի մուտքը կփակեն», - նշել է նա։

Բնակիչները շատ բաներ արել են սեփական միջոցներով, բայց բախվել են խնդիրների, որոնց դեպքում ինքնուրույն լուծումներ տալ չեն կարող, քանի որ փաստացի շենքի կառավարումը կառուցապատողի ձեռքում է։ 

Բնակիչների կարծիքով, ստեղծված իրավիճակից միակ ելքը կառուցապատողի լիակատար հեռացումն է շենքի կառավարումից։

«Մեզ համար միակ լուծումը սա է․ կառուցապատողը պետք է դուրս գա սպասարկումից, հեռանա շենքի կառավարման գործընթացից, բոլոր կոմունիկացիաները հանձնվեն բնակիչներին, և մենք ինքներս որոշենք՝ համատիրություն ստեղծել, թե մասնագիտական ընկերություն վարձել», - ասաց նա։

Բնակիչներին մտահոգում է նաև բանկերի դիրքորոշումը։ Շենքի բնակարանների մեծ մասը գնվել է վարկերով, սակայն, նրանց խոսքով, բանկերը չեն արձագանքում ռիսկերին։

«Այս գույքը դեռ տասնյակ տարիներ գրավ է հանդիսանալու բանկերի համար։ Ինչպե՞ս են նրանք այս ամենը ռիսկ չեն համարում, երբ մարդիկ նույնիսկ կարող են հրաժարվել բնակարանները ընդունելուց»,- նշեց բնակիչը։

Առանձին լուրջ խնդիր է նաև կաթսայատան հարցը։ Բնակիչների փոխանցմամբ, այն բանավոր ձևով համարվում է կառուցապատողի սեփականությունը, ինչը կարող է դառնալ ճնշման գործիք։

«Մարդկանց եկել են 400-500 հազար դրամի ջեռուցման վճարներ։ Անհասկանալի է՝ ինչպես են հաշվարկվել։ Քանի որ շենքը գազամատակարարում չունի, և պայմանագրերով նույնիսկ օդափոխիչ տեղադրելն է արգելված, սա կենսական լծակ է բնակիչների վրա ազդելու համար», - ասաց նա։

Մեկ այլ բնակիչ ուշադրություն է հրավիրում անվտանգության խնդրի վրա՝ կապված արտաքին երեսպատման քարաթափումների հետ։

«Առաջին քարաթափումը եղել է այս տարվա օգոստոսի 8-ին։ Գիշերով հավաքվել էինք՝ 50-80 հոգով։ Եկան, պարզապես ժապավենով փակեցին տարածքը ու գնացին։ Դրանից հետո դեպքերը կրկնվել են, ամեն ինչ ֆիքսված է նկարներով ու վիդեոներով», -պատմեց նա։

Նրա խոսքով, բնակիչները տարիներ շարունակ փորձել են աջակցել կառուցապատողին՝ չդիմելով դատարաններ ու վերահսկող մարմիններ։

«Մենք չենք խոչընդոտել, չենք դիմել պետական մարմիններին, մեծ գումարներ ենք ծախսել մեր միջոցներով, որ շենքը կարգի բերենք։ Կարծում ենք՝ մեր մասով ամեն ինչ արել ենք», -ասաց բնակիչը։

Նա նշեց նաև ջրահոսքերի խնդիրը՝ շենքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ նկուղում և բնակարաններում։

«Մինուս առաջին հարկում ջրհեղեղ է եղել, պատերը թաց են։ Ջրի հետքերը երևում են հարկերում, անգամ բնակարաններում։ Մինչև հիմա պարզ չէ՝ դա գրունտային ջուր էր, թե վթար։ Այս հարցը այդպես էլ գաղտնիք մնաց», - նշեց նա։

Ըստ կառուցապատողի կայքի, շենքը պետք է հանձնվեր 2023 թվականի դեկտեմբերին։ Կառուցապատողի արձագանքը, բնակիչների խոսքով, սահմանափակվում է խոստումներով։

«Ասում են՝ կզբաղվենք, գիտենք խնդիրները, բայց փաստացի ոչինչ չի արվում։ Օֆիսը միայն ծածկադմփոց է անում, ասում են՝ սպասում ենք Տիգրանին, Տիգրանը երկրում չէ։ Տարին 12 ամիս սպասում են Տիգրանին», - նշեց նա։

Բնակիչները չեն բացառում նաև իրավական քայլերը։

«Եռամյա ժամկետ կա, և չի բացառվում, որ համատարած դիմենք դատարան։ Բայց այս պահին առաջնային պահանջը մեկն է՝ կառուցապատողը պետք է հանձննի շենքը և հեռանա», - ընդգծեցին նրանք։

Panorama.am-ը փորձեց կապ հաստատել կառուցապատող ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անարձագանք։ Իսկ բնակելի համալիրի կայքում նշված հեռախոսահամով զանգելուց հետո մեզ հետ զրույցում ասացին, որ որևէ հարցի չեն կարող պատասխանել, հարցերը պետք է ուղղել կառուցապատողին։ 

Այս պահին Տիգրան Մեծ բնակելի համալիրը շարունակում է մնալ կառուցապատողի հաշվեկշռում՝ չհանձնված, թերի, անվտանգության հարցերով և չլուծված կառավարման խնդիրներով։ Բնակիչները վճարում են սպասարկման համար, սակայն սպասարկում չեն ստանում, ապրում են ջրահոսքերի և քարաթափումների ռիսկի տակ ու սպասում են մի կառուցապատողի, որը տարիներով շտկելու խոստումներ է տալիս, բայց պատասխանատվություն չի ստանձնում։ 

Ստեղծված իրավիճակում հարցերը մնում են ոչ միայն «Շինա» ՍՊԸ-ին, այլ նաև վերահսկող պետական մարմիններին։ Մինչ պատկան կառույցները լռում են, պատասխանատվության բացը շարունակում է վճարվել բնակիչների անվտանգությամբ, ժամանակով և միջոցներով։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քարաթափումներ, ջրահոսքեր ու չհանձնված շենք․ բնակիչները հայտնվել են փաստի առաջ