Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». 2025–26 թվականը հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը:
Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ՝ պետբյուջեի միջոցներից:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել՝ որպես պարգևավճար և հավելավճար։ Հունվարին՝ տոներից հետո, Կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով՝ հարցին պատասխանելու համար։
Ժողովուրդ» օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել: Մինչ այդ, Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7–8 միլիոն դրամ, որոշ դեպքերում՝ մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ պարգևավճարներ:
Ի դեպ, տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:
2025–26 թվականը, որպես նախընտրական տարի, ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար: Տարակուսալի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։