Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որևէ մեկն ուզել է Ադրբեջանից բենզին բերել, ձեռքը բռնե՞լ են. Գևորգյան
Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ Ադրբեջանից բենզինի ներմուծման շուրջ կառավարության քայլերը չեն խախտել մրցակցության կանոնները և չեն ստեղծել անհավասար պայմաններ տնտեսվարողների համար։
Ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին՝ արդյոք կառավարության կողմից երկու կոնկրետ ընկերությունների հետ կոմունիկացիան չի՞ սահմանափակել մյուս տնտեսվարողների իրավունքները, Գևորգյանը շեշտեց, որ խոսքը ոչ թե արտոնության, այլ առկա հնարավորության մասին է եղել։
«Կառավարությունը բենզին չի ներկրել և հետո առաջարկել երկու ընկերության։ Խոսքը եղել է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստակամ է վաճառել բենզին կամ դիզելային վառելիք, և այդ հնարավորության մասին տնտեսվարողները տեղեկացված են եղել»,- ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ մինչև վառելիքի ներմուծումը նույն ճանապարհով Հայաստան էր ներկրվել նաև ցորեն, ինչը, նրա համոզմամբ, վկայում է, որ բիզնես միջավայրում արդեն հայտնի էր Ադրբեջանի հետ առևտրային շփումների վերականգնումը։
«Չկա տնտեսվարող սուբյեկտ, որ մեզ հետ շփումների ընթացքում ասել է՝ ես չգիտեի, որ կարելի է Ադրբեջանից բերել։ Բենզինի ոլորտում գործող ընկերությունները շատ չեն, և բոլորը այդ հնարավորության մասին գիտեն»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ կառավարության կողմից երկու ընկերությունների հետ կոմունիկացիան չի նշանակում, որ մյուսներին արգելվել է ներմուծում իրականացնել։
«Խոսքը կոմունիկացիայի մասին է, ոչ թե սահմանափակման։ Ոչ ոք ոչ մեկին չի պարտադրել գնալ կամ չգնալ, բերել կամ չբերել։ Եթե մյուսները ցանկություն չեն հայտնել, դա արդեն իրենց որոշումն է»,- նշեց Գևորգյանը։
Անդրադառնալով շուկայական ազդեցությանը՝ նա արձանագրեց, որ ներմուծված բենզինի ծավալը փոքր է եղել, սակայն գնի վրա որոշակի ազդեցություն ունեցել է։
«Ծավալը բավականին քիչ էր, բայց գնի վրա ազդեցություն ունեցավ․ 430 դրամի մասին է խոսքը, ինչի մասին նաև վարչապետն էր նշել»,- ասաց նա։
Միաժամանակ Գևորգյանը ընդգծեց, որ այլընտրանքային մատակարարման ճանապարհների գործարկումը կարող է էական ազդեցություն ունենալ շուկայի վրա՝ հատկապես փոխադրումների գների տեսանկյունից։
«Տրանսպորտային հանգույցի աշխատելու հանգամանքը արդեն ազդակներ է տալիս, որ վրացական կողմի հետ բեռնափոխադրումների գները կարող են նվազել։ Երկրորդ խմբաքանակից հետո արդեն ավելի հստակ պատկեր կունենանք»,- նշեց նա։
Հանձնաժողովի նախագահը նաև արձանագրեց, որ այս պահի դրությամբ ոլորտում գործող որևէ ընկերություն բողոք չի ներկայացրել և մրցակցային վնասի մասին չի հայտարարել։
«Որևէ տնտեսվարող չի ասել, որ իր ծավալը նվազել է կամ շուկան խախտվել է։ Եթե բողոք լիներ, վստահ եղեք՝ կասեին»,- ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ կառավարությունը ազատ է բիզնեսի հետ կոմունիկացվելու հարցում, իսկ շուկա մուտք գործելու կամ չգործելու որոշումը տնտեսվարողների պատասխանատվության տիրույթում է։
«Կառավարությունը չի գնում բենզին և չի տալիս որևէ մեկին։ Ասում է՝ կա հնարավորություն, գնացեք, խոսեք, պայմանագիր կնքեք։ Մնացածը բիզնեսի որոշումն է»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։ 2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
Ավելի ուշ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախնական ուսումնասիրել են դաշտը, այն գործարարներին, որոնք իրենց գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել են, որ կա նման հնարավորություն։ Հայկական կողմից 2 ընկերություն կապ են հաստատել։