Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար. Արագածոտնի թեմ
Հասարակություն
21:05 14/01/2026
Հայաստան

Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար:

Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով,

ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30:

Սուրբ Պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Մաղթում ենք հավատավոր մեր ժողովրդին շնորհառատ օրհնություններ և աղոթական տրամադրություն, որպեսզի նման զազրելի իրողություններն այլևս տեղ չգտնեն մեր կյանքում ու ձեր աղոթքների շնորհիվ մեր եկեղեցու և հայրենիքի մեջ հաստատվի Քրիստոսի խաղաղությունը»։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ թեմից հայտնել էին, որ հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը. «Այդ օրը նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Թեմում Սուրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։ Այս մեծ Սուրբի տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։

Ուխտագնացություն-խաչերթը կմեկնարկի ժամը 09։00-ին ընդհանրական խոստովանությամբ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագի սկիզբը ժամը 10։30»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար. Արագածոտնի թեմ