Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարել իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձեր
Հասարակություն
17:06 14/01/2026
Հայաստան

Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարել իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարել է Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։ Եկեղեցի-պետություն հարաբերությունների և ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը։

Ընդգծվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հուզող խնդիրները քննվում են եկեղեցական սահմանված կարգով համապատասխան կառույցներում ու առաջադրվում համարժեք լուծումներ։ Նշվել է, որ շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է և նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին։ Արձանագրվել է նաև, որ 2025թ. մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ՝ ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով և հոգևորականների նկատմամբ բռնաճնշումներով։

Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքն է հղել Հայ Եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերած հավատավոր ժողովրդին, ինչպես նաև կառույցներին և առանձին անհատներին, ովքեր օրինական քայլերով իրենց վճռական դիրքորոշումն են արտահայտում ի պաշտպանություն Եկեղեցու իրավունքների։ Քաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքը անհիմն և անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի է նկատել  իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակություններ է առաջ բերում ազգային կյանքում։

ԳՀԽ-ն նաև իր մտահոգությունն է արտահայտել  տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցվածքի, հանրային ելույթներում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ։ Ժողովականները խստորեն դատապարտել են եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված և անթաքույց հովանավորվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման ծրագրին», ինչպես նաև ՏԻՄ ղեկավարների, իրավապահ և ուժային կառույցների ներգրավմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորել է հոգևորականներին չտրվել հակաօրինական պարտադրանքներին և, հավատարիմ մնալով իրենց կոչմանը, առաջնորդվել բացառապես Հայոց Եկեղեցու կանոնական կարգով։

Քննարկելով առկա իրադրության հաղթահարման ուղիները՝ որոշվել է  նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։

Ժողովը փակվել է «Պահպանիչ» աղոթքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարել իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձևավորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձեր