ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը․ ՀՀ ՆԳՆ
Քաղաքական
20:37 14/01/2026
Հայաստան

ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը․ ՀՀ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել ՝ արձագանքելով Իրանի դեսպանի հայտարարություններին, որում ասվում է․

«ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության առջև իրականացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հնչած հայտարարության առնչությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթների, ինչպես նաև միջազգային և երկկողմ այլ պարտավորությունների շրջանակներում ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

Խնդրո առարկայի շուրջ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ առկա է մշտական աշխատանքային կապ:

Հարկ է նաև նշել, որ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։

Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը՝ օրենքով սահմանված կարգով։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը»:

Նշենք, որ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մեղադրեց հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար և բավականին կտրուկ է արտահայտվել։

«Արդեն 6 օր է՝ մենք ականատես ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան առաջ, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ»,- Սպուտնիկ  Արմենիայի փոխանցմամբ՝ ասել է նա:

Ըստ նրա՝ Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը․ ՀՀ ՆԳՆ