Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա մարդասիրական քայլ չէ, այլ անհավասար գործարք. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների վերադարձի մասին
«Սիրիացի վարձկանների «արժեքը» գործարքային իմաստով շատ ավելի բարձր է, քան, իմ կարծիքով, պատկերացրել են Հայաստանի իշխանությունները»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, գերիների իրավունքները ՄԻԵԴ-ում ներկայացնող Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այսօր Բաքվից 4 հայ գերիների ազատ արձակման ու Հայաստանի կողմից 2 սիրիացի վարձկանների հանձնման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին։
Panorama.am– Տիկին Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում չորս հայ գերիների վերադարձը Հայաստան․ սա մարդասիրակա՞ն քայլ էր, թե՞ այլ գործընթացի արդյունք։
Սիրանուշ Սահակյան– Բնականաբար, շատ ուրախալի է, որ գոնե չորս հայ գերիներ, կամ ավելի ճիշտ՝ պատանդներ, վերադարձան Հայաստան։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ նրանցից երեքը բավականին երկար ժամանակ գտնվել են Բաքվի բանտերում, իսկ Վագիֆ Խաչատրյանը ունի լրջագույն առողջական խնդիրներ։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել նաև համաժամանակյա մեկ այլ իրադարձության վրա․ նույն օրը հաղորդվեց, որ երկու սիրիացի վարձկաններ Թուրքիայի միջոցով վերադարձվել են Սիրիայի իշխանություններին։
Panorama.am–Այսինքն, ըստ Ձեզ, խոսքը փոխանակման մասի՞ն է։
Սիրանուշ Սահակյան– Այո։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերին արդեն քննարկվում էր նման հնարավոր գործարքի տարբերակը։ Տեղեկություններ կային, որ բանակցվում է հենց վարձկանների դիմաց հայ գերիների ազատ արձակումը։ Պետք է հասկանալ, որ վարձկանները զգալի հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիա–սիրիական շրջանակների համար, քանի որ նրանց կարող են ներգրավել այլ առաքելությունների մեջ։ Նրանց «արժեքը» գործարքային իմաստով շատ ավելի բարձր է, քան, իմ կարծիքով, պատկերացրել են Հայաստանի իշխանությունները։ Իմ գնահատմամբ՝ սա անհավասար գործարք է։ Փաստերը վկայում են, որ հարցերը շարունակում են լուծվել ոչ թե մարդասիրական կամ իրավական տրամաբանությամբ, այլ գործարքային մոտեցմամբ։ Այս երկու հանցագործների հանձնման դիմաց Հայաստանը կարող էր ավելի մեծ թվով հայերի հայրենադարձնել։
Panorama.am– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ազատ չեն արձակվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Ադրբեջանը այլ զիջումնե՞ր է ակնկալում։
Սիրանուշ Սահակյան– Ռազմաքաղաքական ղեկավարության հարցը շատ ավելի բարդ է։ Այստեղ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման և Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացման պետական քաղաքականության հետ։ Իրատեսական չէր ակնկալել, որ այս փուլում նրանք կվերադարձվեն։ Ադրբեջանի քայլերը կանխատեսելի էին։ Նրանք նախ պետք է վերադարձնեին այն անձանց, որոնք արդեն իսկ դատապարտված են։ Իսկ Արցախի նախկին և ներկա ղեկավարների մասով դեռևս դատավճիռներ չկան։ Այդ բեմականացված դատավարությունների հիմնական իմաստը դատական ակտերի ստացումն է։ Առանց դրանց Ադրբեջանը որևէ պարագայում նրանց ազատ չէր արձակի։ Հետևաբար, այս փուլում նրանց վերադարձը բացառված էր։
Panorama.am– Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա զարգացումները գերիների հարցում։
Սիրանուշ Սահակյան– Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը կգործի հետևյալ հաջորդականությամբ․ նախ կհայրենադարձնի 2020 թվականի դատապարտված գերիներին, հետո՝ 15-ի դատավարությունից հետո 8 քաղաքացիներին, իսկ վերջում, ամենախոշոր սակարկության առարկա կդառնա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը։ Այսինքն՝ նրանց վերադարձը պետք է սպասել ամենավերջում։
Panorama.am– Կարելի՞ է ասել, որ երկու սիրիացի վարձկանները Հայաստանի վերջին խաղաքարտն էին։
Սիրանուշ Սահակյան– Եթե խոսում ենք լոկալ, կոնկրետ, որոշակիացված լծակների մասին, ապա այո՝ դա ըստ էության վերջինն էին։ Սակայն Ադրբեջանը ակնկալում է նաև զիջումներ ավելի լայն, աշխարհաքաղաքական հարցերում։ Այդ ավելի մեծ օրակարգի ֆոնին էլ կարող են տեղի ունենալ հետագա ազատ արձակումները։ Դա նպատակային քայլ էր։ Նկատեցինք, որ ադրբեջանական կողմը որևէ առերևույթ առնչություն չցուցաբերեց վարձկանների հարցում։ Վարձկանների փոխանցումը ներկայացվեց իբր միջազգային իրավական համագործակցության շրջանակում՝ Սիրիայի հետ, ընդգծվեց Հայաստան–Սիրիա և Հայաստան–Թուրքիա գիծը, իսկ հայ–ադրբեջանական կոմպոնենտը դուրս մղվեց։ Սա արվել է, որպեսզի Ադրբեջանը թեկուզ անուղղակի չընդունի վարձկանության մեղադրանքը։ Չմոռանանք, որ Արցախյան կոնֆլիկտում Թուրքիայի միջոցով ներգրավվել են վարձկաններ՝ Ադրբեջանի ցուցումով, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է։