Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի վարկանիշն այնքան է գահավիժած և հասարակության մոտ փոփոխությունների ձգտումն այնքան մեծ են, որ դրանք միանշանակ կլինեն. Սուրենյանց
«Մենք ընտրությունները համարում են փոփոխությունների ամենաարժանահավատ ճանապարհը»,-հրավիրված ասուլիսում ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության(ԴԱԿ) նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ դիտարկելով Հայաստանի ներքաղաքական գործընթացները։
Նշելով, որ դեմ չէ փողոցային պայքարին և իմպիչմենտին՝ Սուրենյանցն ասաց, որ նույն նպատակին հասցնող ճանապարհները չեն կարող հակադրվել, այլ կարող են միայն համադրվել։
Հիմնավորելով իր մոտեցումը՝ ԴԱԿ նախագահը նշեց, որ շատ լավ ուսումնասիրել է հետպատերազմյան հասարակությունների փորձը և եկել համոզման, որ նման հասարակությունները մեծ ձգտում ունեն փոփոխության, բայց գերադասում են այդ փոփոխությունների անցնցում ընթացքը, որովհետև նման հասարակությունները ներքին ֆոբիաներ ունեն, որ ցնցումները կարող են բերել արտաքին միջամտության։
«Ես բացառիկ հնարավորություն եմ տեսնում, որ 2026 թ.-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում հնարավոր են որակական փոփոխություններ կամ իշխանափոխություն»,-ասաց Սուրենյանցը և, նշելով, որ որպեսզի տեղի ունենան փոփոխություններ, պետք է մինչ այդ ձևավորվեն կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնք հասարակության մոտ հավատ կծնեն ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու վերաբերյալ, շարունակեց. «Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքան է գահավիժած և հասարակության մոտ փոփոխությունների ձգտումն այնքան մեծ են, որ դրանք միանշանակ կլինեն»։
Նա ասաց, որ այդ առումով ընդդիմադիր ուժերը շատ անարդյունավետ են աշխատել, ինչի պատճառով էլ հասարակության մոտ այդ սպասումները չկան։
Սուրենյանցի խոսքով, ընդդիմությունը երկու հարցում պետք է միասնական լինեն, առաջին՝ Հայաստանում պետք է դադարեցվեն ռեպրեսիաները և քաղբանտարկյալներ չլինեն, քանի որ նրանց առակայության պարագայում ընտրությունների մրցակցային բաղադրիչը վտանգված է։
Ընդդիմության երկրորդ միավորող գործոն բանախոսը համարեց հակաեկեղեցական, հակասահմանադրական արշավի կասեցումը։
Նշելով, որ միֆ է ընդդիմության միասնական ցուցակի մասին քննարկումները, բայց և դեմ է մանր մասնակիցներով քվեները փոշիացնելուն՝ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ արդյունավետ կլինի 4-5 կոնսոլիդացնող կենտրոններով ընտրությանը մասնակցելը և նշեց, որ նման կենտրոնացումներ տեսնում է Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, և «Դոկ» կուսակցության շուրջ, տեղեկացնելով, որ միանում է Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախագիծ-կոնցեպտին։
Նշելով, որ ԴԱԿ-ը երեք սոցիալական խմբերի՝ ամեն օր տրանսպորտով գործի գնացող մարդկանց, փոքր և միջին ձեռներեցների և ոչ նոմենկլատուրային մտավորականության շահերի արտահայտող է՝ Սուրենյանցն ասաց, որ այդ երեք խումբն իշխանությունների կողմից կեղեքվում են և տեղեկացրեց, որ նախարարները Ամանորին ստացել են 7 մլն դրամ աշխատավարձ՝ թոշակառուների 16 տարվա թոշակը, և 3 մլրդ դրամ պետական բյուջեից հատկացվել է պարգևավճարների համար։
Իր ներածականի ավարտին Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար անհրաժեշտ է, որ մեծ թվով մարդիկ 1.4 մլն քաղաքացի մասնակցեն ընտրության։
Բանախոսը նաև հավանական չհամարեց մոլդովական ընտրության սցենարի կրկնությունը մեր մոտ, քանի որ Մոլդավիայի նման ԵՄ-ի ազդեցությունն այստեղ մեծ չէ և ՌԴ-ից անմիջական մասնակցություն չկա հայաստանյան խորհրդարանական ընտրություններին, ինչպես եղել էր այդ երկրում։