Կառավարությունը խթանում է թոշակառուների կողմից ջերմատների հիմնումը
Տնտեսություն
15:08 15/01/2026
Հայաստան

Կառավարությունը խթանում է թոշակառուների կողմից ջերմատների հիմնումը

«Ծրագրի շրջանակում տրամադրում ենք մինչև 15 մլրդ դրամի վարկեր՝ 1 հա և ավելի մակերեսով առաջադիմական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ կառուցելու համար: Վարկը տրամադրվում է մինչև 8 տարի ժամկետով. մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում կատարվող  փոփոխությունները։

Նախարարաը վստահեցրեց, որ գերակատարվել են ծրագրով նշված արդյունքային ցուցանիշները՝ 35 հա ամբողջ ծրագրի շրջանակի համար, և 2025 թվականի հոկտեմբերին ծրագրում կատարել են որոշակի փոփոխություններ, և նոր ծրագրով առաջարկում են մինչև 3 մլրդ դրամի վարկը սուբսիդավորվում է 8 տոկոսային կետով՝ ստանդարտ պայմանագրերի դեպքում, 3 միլիարդից ավելի մինչև 9 մլրդ վարկի դեպքում՝ 7 տոկոսային կետով։

«Այսինքն՝ օրինակ, վերցրեց 9 մլրդ՝ առաջին 3 միլիարդը սուբսիդավորվում է 8 տոկոսային կետով, մնացած 6 միլիարդը՝ 7 տոկոսային կետով: 9 մլրդ դրամից ավելի հատվածը՝ մինչև 15 մլրդ դրամ՝ 6 տոկոսային կետով»,-հայտնեց նախարարը:

Պապոյանը հայտնեց, որ տնտեսությունների զարգացման ծրագրի շրջանակում երիտասարդ տնտեսվարողներին և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելու համար առաջարկվում է տոկոսային կետերը մեկական տոկոսային կետով ավելացնել:

«Օրինակ՝ եթե մարդը 64, 65 տարեկան է և ուզում է ջերմատնային տնտեսություն ունենալ, 9 տոկոսային կետով ենք իր վարկը սուբսիդավորում, նաև, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ տոկոսադրույքների նվազման միտում, հաճախ բավականին մեծ: Սա ասում է, որ Կառավարությունը տոկոսադրույքների շատ մեծ մասը փոխհատուցում է»,-հայտնեց նախարարը և հավելեց, որ 3 մլրդ-ից մինչև 9 մլրդ դրամ 8 տոկոսային կետն են փոխհատուցելու, 9 միլիարդից ավելի հատվածի համար՝ մինչև 15 մլրդ-ը, 7 տոկոսային կետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արտահանման մեծ աճ է արձանագրվել:

Պապոյանն էլ տեղեկացրեց, որ  ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել են 20 պայմանագիր՝ 88.3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով: Դրանից արդեն իսկ կառուցված է 23.5 հա ջերմատուն, որից միայն 2025 թվականին՝ 18.4 հա: Միայն 2025 թվականին նաև մեկնարկել է ևս 64.8 հա ջերմատան կառուցումը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը խթանում է թոշակառուների կողմից ջերմատների հիմնումը