«Հրապարակ». Փաշինյանի գործողությունները եկեղեցու դեմ, իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել
Օրվա մամուլ
08:58 16/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի գործողությունները եկեղեցու դեմ, իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձևավորումը։

Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ եկեղեցու և Վեհափառի դեմ տևական պայքարից հետո, տարեսկզբին՝ Սուրբ ծննդի նախօրեին, Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին, այսպես կոչված, իրենց «ճանապարհային քարտեզը»։

10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Ճանապարհային քարտեզի դրույթներից մեկն է՝ ընդունել նոր կանոնադրություն. «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։

Մենք գրել ենք, որ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը գրում է անձամբ Փաշինյանը, և որ այն պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։ Այն կգրանցվի իբրև կրոնական հերթական կազմակերպություն, և, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կդառնա, ժողովրդական լեզվով ասած` նոր աղանդի հիմնադիր։

Հայաստանում ներկայում վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություններ են գործում, Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ կլինի դրանցից մեկը։ Իշխանականներն էլ են գրեթե վստահ, որ իրականությունից բավականին հեռու է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ ինչպես Սերժ Սարգսյանը չուզելով հեռացավ, այնպես էլ Վեհափառն է հեռանալու։ Նրանք վստահ են, որ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռանալու, իսկ հեռացնելու այլ մեխանիզմ չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանի գործողությունները եկեղեցու դեմ, իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել