Վրաստան նույնականացման քարտով մուտք գործած ՀՀ քաղաքացին չի կարողացել Թբիլիսիից թռչել Ամստերդամ
Իրավունք
17:59 17/01/2026
Հայաստան

Վրաստան նույնականացման քարտով մուտք գործած ՀՀ քաղաքացին չի կարողացել Թբիլիսիից թռչել Ամստերդամ

Վրաստան նույնականացման քարտով մուտք գործած ՀՀ քաղաքացու ճանապարհորդությունը լուրջ խոչընդոտների է բախվել Թբիլիսիի օդանավակայանում։ Քաղաքացին Panorama.am-ի հետ զրույցում պատմում է, որ նախորդ անգամները նույնականացման քարտով առանց խնդիրների հատել է հայ-վրացական սահմանը, սակայն վերջին այցի ընթացքում կանգնել է անսպասելի սահմանափակման առաջ։ Նրա խոսքով՝ Վրաստան մուտք է գործել նույնականացման քարտով՝ համոզված լինելով, որ օդանավակայանում կարող է ներկայացնել անձնագիրը, քանի որ թռիչքը դեպի Ամստերդամ իրականացվելու էր հարևան երկրի մայրաքաղաքից։

«Արդեն 2–3 անգամ Վրաստանի սահմանը անցել էի նույնականացման քարտով, և որևէ խնդիր չէր առաջացել։ Այս անգամ էլ նույն կերպ մտա Վրաստան՝ մտածելով, որ օդանավակայանում անձնագիրս ցույց կտամ»,– ասաց նա։

Քաղաքացու փոխանցմամբ՝ սահմանին իրեն որևէ հարց չեն ուղղել մուտքի նպատակի կամ հետագա ճանապարհորդության վերաբերյալ։ Սակայն Թբիլիսիի օդանավակայանում անձնագրային հսկողության ժամանակ պարզվել է, որ նա չունի Վրաստան մուտքի համապատասխան կնիք։

«Օդանավակայանում ասացին, որ Վրաստան մուտք չունեմ, որովհետև անձնագրում կնիք չկա։ Ներկայացրի նույնականացման քարտս, տեսան, որ դրանով եմ մուտք գործել, և ասացին՝ չեմ կարող թռչել»,– պատմեց նա։

Արդյունքում քաղաքացուն պարտադրել են վերադառնալ Հայաստան և կրկին մուտք գործել Վրաստան՝ արդեն անձնագրով, որպեսզի հնարավոր լինի տեղադրել համապատասխան կնիքը։ Ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքացին ստիպված է եղել երկու օր մնալ Թբիլիսիում և գնել նոր ավիատոմսեր։

«Գնում եմ տոմս՝ մոտ 230 եվրո ընդհանուր արժեքով, ինչը նույնիսկ ավելի թանկ էր, քան իմ առաջին տոմսը, որը կորցրի»,- ասաց նա։

Panorama.am-ի զրուցակիցը պատմեց,  որ նման սահմանափակման մասին որևէ նախապես իրազեկում չի եղել, ինչի հետևանքով մարդիկ փաստի առաջ են կանգնում։

«Սա, ըստ երևույթին, նոր կարգավորում է։ Պետք է կամ նորմալ իրազեկում լիներ, կամ ներքին ընթացակարգերով այնպես արվեր, որ նման խնդիր չառաջանար»,– ընդգծեց նա՝ ավելացնելով, որ քաղաքացիները պետք է հստակ տեղեկացված լինեն, թե ինչ փաստաթղթերով են կարողանում ոչ միայն մուտք գործել երկիր, այլ նաև մեկնել երրորդ երկիր՝ վրացական օդանավակայաններից։

Panorama.am-ը խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու համար դիմեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղից հայտնեցին, որ նման դեպքերի վերաբերյալ իրենք տեղեկություններ չունեն։ 

«Մեր կողմից օրենքը թույլ է տալիս քաղաքացին նույնականացման քարտով, եթե ունի վավեր անձնագիր; Իսկ Վրաստանում նմանատիպ խնդրի առաջացումը երրորդ երկիր մեկնելու դեպքում արդեն մեր տիրույթում չէ»,- ասացին ծառայությունից։ 

Ստեղծված իրավիճակը փաստում է՝ Վրաստանի մուտքի ընթացակարգերը ոչ միայն անորոշ են, այլև քաղաքացիների համար սահմանափակումների վերաբերյալ նախապես տեղեկատվություն չի տրամադրվում, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի և ժամանակի կորուստի։ Նույնականացման քարտով սահման անցնելը, որը նախկինում խնդիրներ չէր առաջացնում, այս անգամ դարձել է խոչընդոտ երրորդ երկիր մեկնելիս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստան նույնականացման քարտով մուտք գործած ՀՀ քաղաքացին չի կարողացել Թբիլիսիից թռչել Ամստերդամ