Ձմեռային տուրիզմը՝ թանկ հաճույք Հայաստանում․ ի՞նչ է պատմում արշավականը
Հասարակություն
16:45 17/01/2026
Հայաստան

Ձմեռային տուրիզմը՝ թանկ հաճույք Հայաստանում․ ի՞նչ է պատմում արշավականը

Հայաստանում ձմեռային տուրիզմն ունի զարգանալու մեծ հնարավորություն, սակայն այս ուղղությունը զարգացնելու աշխատանքները դանդաղում են։

Նախ նշենք, որ ձմեռային տուրիզմի տեսակներից են դահուկային, քայլարշավային,  սովորական մշակութային տուրերը, երբ մարդիկ ձմռանը գալիս մասնակցում են մշակութային տուրերին, ինչպես նաև  սառցակալած լճերի վրա  չմուշկներ քշելու տուրերը, որոնք վերջին տարիներին բավականին ակուտալ են դարձել։   Panorama.am-ի հետ զրույցում  Armland արշավային ակումբի հիմնադիր, ուղեկցորդ Արտյոմ Մարտիրոսյանը նշեց, որ ձմեռային տուրիզմի զարգացման խոչընդոտներից է այն, որ այս եղանակին արշավներն ավելի թանկ են, քան՝ ամռանը, նույնը վերաբերում է նաև ձմեռային սպորտաձևերին։

«Թանկ լինելը հիմնականում կախված է հանդերձանքի հետ, քանի որ ձմեռային հանդերձաքն ավելի թանկ է։ Ձմեռային սպորտաձևերն աշխարհում էլ հայտնի են որպես թանկ սպորտաձևեր, քան՝ ամառայինը»,-ասաց նա։

Կան նաև խորքային խնդիրներ, որոնք ևս խոչընդոտում են ոլորտի զարգացմանը։ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝  Հայաստանում  միայն 2 դահուկային դպրոց կա՝ Աշոցքում  և Ծաղկաձորում, ինչը բավարար չէ ոլորտի  զարգացման համար։

«Ամենամեծ խնդիրներից է այն, որ մենք աշակերտներին դպրոցներում չենք սովորեցնում դահուկ վարել։ Օրինակ՝ Ռուսաստանում կան քաղաքներ, որտեղ  երեխաներին սովորեցնում են այն։ Իսկ Հայաստանի, թեկուզ հյուսիսային մարզերի  դպրոցներում նման  առարկա չկա։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ Աշոցքում կամ առհասարակ՝ Շիրակի մարզում, Ծաղկաձորում  լինեին երեխաներին դահուկներ սովորեցնելու դպոցներ։ Բացի ֆուտբոլից, նաև դահուկային մարզաձև ուսումնասիրեին, քանի որ այս դեպքում կունենանք ստորտաձևի, ինչու չէ՝ նաև այս ուղղությամբ տուրիզմի զարգացման մեծ հնարավորություն»,- ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Ձմեռային սպորտաձևերի դժվարություններից է նաև այն, որ  ձմեռային արշավների, հատկապես դահուկային արշավի դեպքում   ցանկալի է ուղեկցորդների հետ գնալ, քանի որ ուղեկցորդներն ունեն անհրաժեշտ սարքավորումներ, ավելի լավ են տեղանքը ճանաչում։  Մինչդեռ զբոսաշրջիկի համար արահետը՝ փակված ձյան ծածկույթով, կարող է վտանգավոր լինել։ Այս պատճառով  խորհուրդ է տրվում միայն ուղեկցորդների ուղեկցությամբ։

«Ձնահյուսերը Հայաստանում շատ են լինում, ուղղակի պետք է միշտ ուշադիր լինել, պահպանել անվտանգության կանոնները,  միշտ ուղեկցորդի հետ գնալ լեռներ։ Մինչ այս արձանագրված  մահվան դեպքերում դահուկորդները եղել են առանց ուղեկցորդների։   Հայաստանի բարձր լեռնային գոտիներում հեռախոսակապը հասանելի չէ, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ հատուկ փրկարարական սարքեր, որպեսզի տագնապի ազդանշան ուղարկել՝ օգնության կանչի համար։

Բացի դրանից, ճիշտ կլիներ, որ Հայաստանի տուրիզմի կոմիտեն փորձառու դահուկորդներին վերապատրաստման ուղարկեր տարբեր երկրներ, որպեսզի վերադառնան և   մարզումներ անցկացնեն, անվտանգության կանոնները նոր սերնդի դահուկորդներին փոխանցեն։  Հրահանգիչներ ունենք, իսկ հենց լեռնային դահուկային ուղեկցորդներ Հայաստանում քիչ են»,-հստակեցնում է տուրիստական ընկերության ղեկավարը՝ կարևորելով ոլորտի մասնագետների վերապատրաստումը։

Մյուս կողմից էլ դեռևս Հայաստանի մասին աշխարհում քիչ է հայտնի՝ որպես արկածային զբոսաշրջային երկիր։ Ճանաչելիության բարձրացման մասով ևս պատկան մարմիններն աշխատանք ունեն անելու։

«Եթե  մեր դիրքերը աշխարհին կարողանանք ցույց տալ որպես   ձմեռային սպորտաձևերի համար հարմար երկիր, ապա այդ դեպքում ինչ-որ չափով մեր երկիրը  դահուկային տուրիզմի մասով առաջընթաց կգրանցի։  Հայաստանն աշխարհին որպես արշավային երկիր հայտնի չէ, դրա համար խնդիրներ ենք ունենում։ Այս հարցում Զբոսաշրջության կոմիտեն անելիքներ ունի։Կան մի շարք խնդիրներ, մասնավորապես՝  Ֆրանսիայի դեսպանատունն ու եվրոպական մի շարք այլ երկրների, Հայաստանի Սյունիքի մարզը կարմիր գծով են նշել, որ չայցելեն իրենց երկրների քաղաքացիները, քանի որ ըստ իրենց՝ այնտեղ վտանգավոր է։ Այսօրինակ հարցերում անհրաժեշտ է պետական միջամտությունը։ Պետությունը ավելի մեծ   ներդրում  կարող է անել նաև արկածային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ, որովհետև մենք այդ պոտենցիալն ունենք։ Միայն Աշոցքում ու Ծաղկաձորում կան  դահուկասպորտով զբաղվելու հնարավորություններ, այսինքն՝ կարող ենք ասել, որ այս ուղղությունը քիչ է զարգացած Հայաստանում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է քայլարշավային ուղղություններին, ապա Մարտիրոսյանը նշեց, որ ձմռան ամիսներին մինչև  3000 մ լեռնային արհետները հասանելի են քայլարշավորդների համար, սակայն այստեղ ևս  բարդությունը կապված է  համազգեստի հետ։

«Հայաստանում բավականին թանկ է, ու շատ արշավականներ ձմեռը չեն արշավում համազգեստի բացակայության պատճառով»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լուսանկարում՝ Արտյոմ Մարտիրոսյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձմեռային տուրիզմը՝ թանկ հաճույք Հայաստանում․ ի՞նչ է պատմում արշավականը