Բարոյական չէ կենսաթոշակառուների չմեռնելու գինն անգամ չվճարելը, բայց պարգևավճարներ ստանալը. Թաթուլ Մանասերյան
Տնտեսություն
17:31 20/01/2026
Հայաստան

Բարոյական չէ կենսաթոշակառուների չմեռնելու գինն անգամ չվճարելը, բայց պարգևավճարներ ստանալը. Թաթուլ Մանասերյան

 Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում: «Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը 2026 թվականին կհասնի իր 4.5% դեֆիցիտի նպատակին, բայց 2027 թվականից սկսած մենք սպասում ենք, որ դեֆիցիտը կգերազանցի իշխանությունների կողմից սահմանված միջնաժամկետ 3.5% նպատակը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։ Panorama.am-ը դիմեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին՝ հետաքրքրվելով, թե ինչի՞ վրա է հիմնված Fitch Ratings-ի ակնկալիքները, հնարավո՞ր է իշխանությունները դրա համար գնան սեփական պարգևավճարների կրճատմանը, թե՞, ինչպես միշտ է լինում, պաշտպանական ծախսերն են նվազեցվելու։

Թ. Մանասերյան-Այն, ինչը որ արվում է՝ հիմնականում ներքին պարտքի հաշվին է։ Իհարկե, արտաքին պարտքն էլ է կուտակվում, բայց դրա բալանսը վերջին տարիներին փոխվում է դեպի ներքին պարտքի վրա։ Կա մի կարևոր խնդիր, որոն ավելի շատ որակական է, քան քանակական, արտաքինի տեսակարարա կշիռը ներքին պարտքի հետ այս դեպքում այդքան կարևոր չէ, որքան պետական պարտքի արդյունավետգությունը, որը բավականին ցածր մակարդակի վրա է։ Իսկ բյուջեն բացի դեֆիցիտից բավական լուրջ խնդիրներ ունի, քանի որ ոմանց թվում է, որ խնայողությունները, որոնք վերջին շրջանում արվում են, լավ ցուցանիշ են, բայց ճիշտ հակառակը, դա վկայում է այն մասին, որ արդյունավետ չեն իրականացվում ծախսերը, կամ անտեղի են պահանջները, երբ ավելի մեծ գումարներ են պահանջվում բյուջեից և վերջին 7 տարիների ընթացքում բավական չօգտագործված ռեսուրսներ են մնացել, որոնք հետո վերաբաշխվում և տրվում են պարգևավճարների տեսքով, կամ այլ ծախսեր են մեջտեղ գալիս, որոնք նախկինում չեն եղել կամ նախատեսվել և՝ բազմաթիվ այլ խնդիրներ։

Այսինքը ծրագրային բյուջետավորում ըստ էության, բովանդակային առումով չի իրականացվում, ձևական առումով կա, բայց բովանդակային առումով բյուջետային ծրագրավորումը լուրջ խնդիրներ ունի։

Panorama.am -Հավանական համարո՞ւմ եք, որ դեֆիցիտի նվազմանը գործող իշխանությունը գնա պարգևավճարների կրճատման, կամ որ ավելի հավանականա է՝ պաշտպանական ծախսերի կրճատման միջոցով։

Թ. Մանասերյան-Այս կառավարությունն ընդհանրապես առաջնահերթությունների լուջ խնդիր ունի։ Դատելով գործունեությունից և գործունեության արդյուքններից, չի պատկերացնում, նույնիսկ ոչ տնտեսագետ քաղաքացիները այդ դատողությունները կարողանում են անել և եզրակացնել, որ այդ գումարներով հնարավոր է սոցիալական խնդիրների մի մասը մեղմել։ Այն վերաբերում է, օրինակ, կենսաթոշակներին, որոնց մակարդակը չի հասնում կենսաապահովման նվազագույն զամբյուղին, և այդ պայմաններում, բարոյական չէ կենսաթոշակառուներին թողնել բախտի քմահաճույքին և չմեռնելու գինն անգամ չվճարել, որը սննդի համար գոնե բավարարի, և այդ ընթացքում տալ մեծ պարգևավճարներ՝ ներառյալ նրանց, ովքեր իրենց աշխատավարձն անգամ չեն վաստակում, ուր մնաց, որ պարգևավճար ստանան։ Սա, միգուցե, իմ կատեգորիկ տեսակետն է, բայց շատ հստակ դիրքորոշում ունեմ։ Ե․վ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում մարդիկ կան, որ ուղղակի չեն վաստակում իրենց աշխատավարձը՝ բարձ,ր թե ցածր, այն արդեն երկրորդական նշանակություն ունի։

Եթե բյուջեում առաջնահերթությունները հստակ սահմանվեն, այո, առաջին հերթին պետք է սկսենք մեր երկիրը շենացնողներից և նրանց համար գոնե նվազագույն պայմանները ստեղծելուց, հետո նոր անցնենք առաջ։

 Մյուս ոլորտներին եթե անդրադառնանաք, ապա կտեսնենք թե դիսոնանսն ինչքան մեծ է։ Դրանք ոչ թե պարզապես բյուջեի թվեր են, այլ շատ հստակ մեսիջ է հանրությանը։ Մի երկիր, որտեղ  միայն ոստիկանության բյուջեն 350%-ով ավելի է, քան գիտության բյուջեն, շատ հստակ մեսիջ  է հանրությանը, որ մեզ գիտություն պետք չէ, այլ դրա փոխարեն անհրաժեշտ է բռնի ուժ։ Այս փոքր երկրում այդքան մեծ ուժային ոչ թե պաշտպանության, այլ, շեշտեում եմ, ոստիկանության, առկայությունը ու գործառույթներն ինձ համար անհասկանալի են։ Ում են ծեծելու, կարգի հրավիրելու, ազգաբնակչության քանի տոկոսն է այդքան անկարգ, հանցագործ, օրինախախտ։ Դրա համար փաստեր են պետք։ Այսինքը չհիմնավորված թվեր և աշխատատեղեր, որ ստեղծել են անթուլատրելի է։ Չխոսենք նրա մասին, որ կիսագրագետ, գրեթե կրթություն չունեցող ոստիկանի, այսօրվա պարեկների հետ շփվելիս կհամոզվենք որ այն այդպես է։ Նրանց վարձավճարը շատ ավելին է, քան գիտնականի, գիտության թեկնածուի, կամ դասախոսի, հետազոտողի, տնտեսագետի։

 Այն ուղղակիորեն նսեմացնում է գիտությունը,։ Գիտելիքը ոչ միայն պահանջված չէ, այլև նսեմացվում է օրենքով, երբ հանվում են գիտական աստիճաններ, կոչումներ՝ դոկտոր-պրոֆեսորներ, դրանով կամաց-կամաց ցույց են տալիս վերաբերմունք, որ այն առանձնապես նշանակություն չունի։

Եթե միայն հաշվարկվի, թե ԵՊՀ-ն ինչ վնասներ է կրել անհիմն որոշումենր կայացնելու հետևանքով, որոնք հետագայում վիճարկվում են դատարաններում և դրանց դիմաց բազմամիլիոնանոց տուգանքներ են վճարում պետության կողմից, քանի որ ԵՊՀ-ն պետական համալսարան է։ Անգամ այստեղ պատշաճ վերաբերմունք չկա և պետական համալսարանից օտարում, մեկուսացնում են բավականին լուրջ, պատկառելի վաստակ ունեցող մարդկանց՝ մեջտեղ բերելով իրենց համար հարմար, «անհայտ ծագում» ունեցող մասնագետների։ Իրակաում գիտության ոլորտում ողբալի վիճակ է, ուղղակի մնացել է մի խորհրդանիշ շենք՝ ԳԱԱ-ն։ Նման գիտություն մենք չենք ունեցել, ոչ նախնադարում, ոչ քարե դարում, ոչ նախաքրիստոնեական, ոչ էլ քրիստոնեական շրջանում։ Մեր հայ մտածողները միշտ հասարակության ու պետության ղեկավարների մոտ հարգանք ու սեր են վայելել և այսպիսի վերաբերմունք երբեք չեմ տեսել և դա չափվում է նաև գումարներով։ Պետական բյուջեն շատ հեռու է հիմնավոր լինելուց, առաջնահերթություններով առաջնորդվելուց և ունի բազմաթիվ այլ խնդիրներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բարոյական չէ կենսաթոշակառուների չմեռնելու գինն անգամ չվճարելը, բայց պարգևավճարներ ստանալը. Թաթուլ Մանասերյան