Ներկայումս Հայոց եկեղեցին Հայաստանում զրկված է ազատ գործելու հնարավորությունից. Ի՞նչ է նշանակում Մայր Աթոռի որոշումը
Քաղաքական
12:14 20/01/2026
Հայաստան

Ներկայումս Հայոց եկեղեցին Հայաստանում զրկված է ազատ գործելու հնարավորությունից. Ի՞նչ է նշանակում Մայր Աթոռի որոշումը

«Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16–19-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կանցկացվի ոչ թե Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այլ Ավստրիայում՝ Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ի՞նչ է սա նշանակում»,-գրում է քաղաքագետ Արմեն Այվազյանը։

Նա շարունակում է.

«Այս որոշումն ընդամենը արտացոլումն է պատմական և քաղաքական առումով տխուր իրողության․ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶՐԿՎԱԾ Է ԱԶԱՏ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եկեղեցին ոչ միայն պաշտպանված չէ, այլև ենթարկվում է բացահայտ ճնշումների և հալածանքների. կալանավորված արքեպիսկոպոսներ, Մայր Աթոռի և այլ տաճարների բակերում աղանդավորական խուժան՝ նրան պաշտպանող ոստիկանական ուժերով, պետական ուժային և դատական մարմինների կոպիտ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարման գործընթացներին, ներեկեղեցական ու դավանաբանական կանոնական փոփոխությունների պարտադրանք, պետական ամենաբարձր մակարդակներից գրեթե ամեն օր հնչող վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ և շանտաժ — ահա այն միջավայրը, որի մեջ այսօր գոյատևում է Հայոց Եկեղեցին։

Թեև բավական երկար ժամանակ առիթ չեմ ունեցել հանդիպելու մեր բարձրաստիճան եկեղեցականներին և նրանց հետ քննարկելու ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ կարող եմ մոտավորապես պատկերացնել, թե ինչ շարժառիթներով է Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվել հեռավոր Ավստրիա։

Բանն այն է, որ ՀՀ-ում փաշինյանական խունտան կարող էր տարբեր միջոցներով խաթարել եպիսկոպոսների աշխատանքը՝ դիմելով ամենացածրորակ սադրանքների։ Թվարկենք հնարավոր վտանգներից միայն մի քանիսը։ Խունտան կարող էր․

• «Զվարթնոց» օդանավակայանում այս կամ այն պատրվակով կազմակերպել Գարեգին Երկրորդին հավատարիմ եպիսկոպոսների քաշքշուկը՝ ընդհուպ նրանց գրպաններում կամ պայուսակներում թմրանյութ կամ այլ արգելված իրեր ներդնելով (վկա՝ Արշակ սրբազանի կալանավորման դեպքը), այնուհետև ընդհանրապես արգելել նրանց մուտքը Հայաստան,

• գաղտնալսել ժողովականների անձնական զրույցները, ապա դրանք արհեստական բանականության միջոցով կեղծել և հրապարակել (վկա՝ Բագրատ սրբազանի կալանավորման դեպքը),

• ժողովի օրերին կրկին աղանդավորներին և քպ-ական ակտիվին լցնել Մայր Աթոռի բակեր՝ աղմկոտ «ցույցեր» կազմակերպելով,

• ոստիկանական ուժերով ցուցադրաբար շրջափակել Մայր Աթոռը՝ փորձելով ուժային ահաբեկմամբ ազդել ժողովականների կայացնելիք որոշումների վրա,

• ժողովի ընթացքում ժամերով հոսանքազրկել Մայր Աթոռը,

• և այլն, և այլն։

Խունտայի հրահրած հակաեկեղեցական արշավը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության և հայ ժողովրդի շահերը որևէ կետում չեն համընկնում։ Ավելին՝ դրանք գտնվում են ուղիղ հակադրության մեջ։ Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական Եկեղեցուն, նա փաստացի պատերազմ է հայտարարում իր իսկ ժողովրդին՝ նրա ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և հոգևոր հիմքերին։

Ամեն դեպքում՝ պատմական այս բախման մեջ արդար կողմը հայ ժողովուրդն է»։

Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2025 թ. դեկտեմբերի 10-12-ը պետք է հրավիրվեր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։

Նախօրեին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ներկայումս Հայոց եկեղեցին Հայաստանում զրկված է ազատ գործելու հնարավորությունից. Ի՞նչ է նշանակում Մայր Աթոռի որոշումը