Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ասֆալտով կարողանում են մոլորեցնել ժողովրդին, պարզ է չէ՞, որ «խաղաղությունով» էլ կկարողանան․ Պեպանյան
«Այդ անձնավորությամբ, որի անունը տվեցիք, ընդհանրապես չեմ հետաքրքրվում։ Մրցանակ է ստացել, թե՝ ոչ, ո՞վ է տվել, ո՞վ չի տվել։ Դեռ պետք է պարզել՝ մրցանակ տվողն իրականում ո՞վ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին։
Մեր հարցին, թե առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարգավորման որևէ գործընթաց տեսնո՞ւմ եք, Պեպանյանն արձագանքեց․
«Գործընթաց կա՝ մեզ թուրքացնում են»։
Հստակեցմանը՝ Ձեր կարծիքով՝ թուրքացման համա՞ր է Փաշինյանը ստացել մրցանակ, Պեպանյանն ասաց․ «Այո, միանշանակ։ Մենք պիտի մտածենք՝ ո՞նց ենք անում, որ լիակատար չթուրքացնեն։ Հնարավորության սահմանում փորձեն պահենք։ Իմ կարծիքով ՝ սա կլինի մեր օրվա խնդիրը»։
Քաղաքագետի համոզմամբ՝ ընտրությունները չեն կարող լուծել իշխանափոխության խնդիրը։
«Մեր իրականությունը, թե ընտրություններն ինչ են իրենցից ներկայացնում մեր երկրներում, ինչ-որ մի տարբերակ եմ ես առաջարկում իմ քաղաքական գրքերում։ Ընտրությունը կարող է միջոց լինել, եթե դու ունես ծրագիր, գիտես՝ ինչ ես ուզում անես։ Այս դեպքում ընտրությունը կարող է լինել հասարակությանն ակտիվացնելու միջոց, որպեսզի կարողանաս քո ծրագրի իրականացմանը նպաստել։ Ընտրություններին մարդիկ ակամա դուրս են գալիս տանից, գնում են ընտրության, ակտիվանում են, ընդամենը սա։ Բայց որ դրանով կարողանաս ինչ-որ բան փոխել, Հայաստանում չի եղել նման բան, չի էլ լինի»,- ասաց Պեպանյանը։
Ընդդիմության միավորման կամ իմպիչմենտի գործընթացները անհրաժեշտ են, սակայն, ըստ Պեպանյանի, ոչ բավարար։
«Հույս ունենալ, որ իշխանությունը կզիջեն նրանք, ովքեր այս իշխանության իրական տերերն են, շատ քիչ հավանական է։ Պետք է առնվազն համահայկական ընդվզում լինի՝ 3 միլիոն հայերի մասնակցությամբ։ Բայց դա այժմ հնարավոր չէ, քանի որ այդ ուժերը դրա դեմն էլ են առել»,- նշեց Պեպանյանը ՝հստակեցնելով, որ նկատի ունի դրսի՝ արտաքին ուժերին, որոնք իրականում կառավարում են Հայաստանը։
«Իրենք այնքան խելացի են, որ 10 քայլ առաջ են գործում։ Ամեն ինչ արել են, որ հանկարծ այստեղ ընդվզում չլինի»։
Նա նաև չբացառեց, որ ՔՊ-ի «խաղաղության» այս պրոպագանդան կարող է ազդեցություն ունենալ գալիք ընտրությունների ընթացքի վրա։
«Մեր ժողովուրդը քաղաքականապես հասուն չէ՝ մի շարք պատճառներով, մի զգալի հատվածի կարող են հեշտությամբ մոլորեցնել։ Մեր ժողովրդի մտածողությանը, մենթալիտետին լավ ծանոթ եմ և դրա համար եմ ասում՝ մեր ժողովրդին չի՛ կարելի տանել ընտրության։ Եթե ասֆալտով կարողանում են մոլորեցնել, եթե գնում են գյուղերը, այնտեղ մենակ ասֆալտ են տեսնում, հպարտանում են, պարզ չէ, որ «խաղաղությունով» էլ կկարողանան։ Մի զգալի հատվածի կկարողանան մոլորեցնել»,- եզրափակեց Panorama.am-ի զրուցակիցը։