Ինչ են առաջարկում ՔՊ-ականները եկեղեցապատկան հուշարձանների մասով
Քաղաքական
10:39 20/01/2026
Հայաստան

Ինչ են առաջարկում ՔՊ-ականները եկեղեցապատկան հուշարձանների մասով

Ազգային ժողովում քննարկվում է  ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Սիսակ Գաբրիելյանի մշակած «Պատմության և  մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: 

Ըստ նախագծի, «նպատակն է կարգավորել պետության և  հասարակության համար մեծարժեք նշանակություն ունեցող որոշակի հուշարձանների,  մասնավորապես, պաշտամունքային կառույցների՝ այլ սուբյեկտնտերի օտարման իրավահարաբերությունները․

Հիմք ընդունելով պաշտամունքային կառույցների առանձնահատկությունները, դրանց ինքնատիպությունը՝ նպատակահարմար է, որ հիշյալ կառույցները գտնվեն համապատասխան կրոնական կազմակերպությունների ներքո, իսկ օտարման դեպքում ապահովվի կառավարության հնարավորությունը համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը»:

Նախագծի համաձայն, հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների  հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Թագուհի Ղազարյանն օրինակի համար նշեց, որ Իսրայել պետության տարածքում գտնվող ցանկացած իր, անկախ այն հանգամանքներից, թե ինչպես է գտնվել, որը թվագրվում է 1700 թվականից առաջ, ավտոմատ կերպով պատկանում է  Իսրայել պետությանը, չունի օտարման, նվիրատվության, վաճառքի որևէ տարբերակ։

«Այն, ինչ մենք առաջարկում ենք, հետևյալն է, որ Հայաստանում գտնվող առաքելական եկեղեցիները պետք է պատկանեն Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այլ էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, կառավարությունը համաձայնության տա։

Հույս ունեմ, որ այս դահլիճում նստած  բոլոր մարդիկ մտածում են, որ եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ են առաջարկում ՔՊ-ականները եկեղեցապատկան հուշարձանների մասով