Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ. ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության զեկույց
Քաղաքական
14:40 20/01/2026
Հայաստան

Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ. ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության զեկույց

«2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային»,- նման կանխատեսում է արել  ՀՀ  արտաքին հետախուզության ծառայությունը, որը ներկյացված է  Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում։ 

Ըստ զեկույցի, հավանական է կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբեռ գործողությունների իրականացումը, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը։ 

Զեկույցի «Հիբրիդային սպառնալիքներ» բաժնում գրված է. 

«Ինչ է հիբրիդային պատերազմը.

Հիբրիդային պատերազմը մեկ ընդհանուր մտահաղացմամբ տարբեր բնույթի միջոցների (ռազմական, տնտեսական, տեղեկատվական) համադրության՝ բացահայտ ու ծածուկ եղանակով կիրառումն է՝ նպատակ ունենալով վնասել թիրախին՝ ստեղծելով անորոշություններ, տագնապ, պետական ինստիտուտների բնականոն գործունեության պարալիզացում, հանրային կարծիքի ցանկալի ուղղությամբ ուղղորդում, միաժամանակ բարդացնելով պատասխանատվության վերագրման ու պատասխան քայլերի հնարավորությունները, ինչպես նաև հիբրիդային պատերազմի հեղինակի բացահայտումը։ Այդ մեթոդները կարող են ընդգրկել օրինակ՝ ոչ ֆորմալ զինված խմբերի կիրառում, կիբեռհարձակումներ, տեղեկատվական վնասարար գործողություններ, տնտեսական ճնշումներ, չհայտարարված տնտեսական պատժամիջոցներ, արտաքին ազդեցության ենթարկվող ներքաղաքական սուբյեկտների քաղաքական ակտիվացում ու հստակ գործողություններում նրանց ներգրավում և այլն։ Պետք է նաև նկատի ունենալ, որ կախված կոնկրետ դեպքից և նպատակից՝ հիբրիդային գործիքակազմ կիրառողը կարող է օգտվել նշված միջոցների տարբեր համադրություններից։

Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին 

2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։ 
 Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։ 2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։

Հայաստանի դեմ հիբրիդային գործողություններում ներգրավված պետական և ոչ պետական դերակատարների կողմից, մեծ հավանականությամբ, կիրառվելիք գործիքակազմը կներառի՝

Վնասակար կիբեռ-գործողություններ

Դրանք միտված են Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքները կաթվածահար անելուն, դրանց կառավարման կորստին, կենսական ծառայությունների մատուցման չեղարկմանը և այլն։ Այս առումով հավանականությունը բարձր է, որ թիրախում կհայտնվեն՝   

- ֆինանսաբանկային կազմակերպությունները,
- կապի և հաղորդակցության ենթակառուցվածքները, 
- կառավարության (այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների) թվային հարթակները, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման թվային ենթակառուցվածքները, 
- էլեկտրականության բաշխման թվային ենթակառուցվածքը և այլն։

2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)։ 
 Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, տարբեր եղանակներով դրա ֆինանսավորումը, ինչպես նաև տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ Իրականացվում են երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքները, հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող գործողություններ՝ հաջորդիվ նրանց արտաքին դերակատարների նպատակներին ծառայեցնելու նպատակով։ Հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, մաս են դառնում արտաքին միջամտության առավել լայն սխեմայի։

Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։

Մանրամասն՝ զեկույցում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ. ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության զեկույց