Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ներդրված առողջապահության ապահովագրության սկզբունքը չի բացառում հավելավճարներ․ Ավանեսյան
«Արդեն 20 օր է ապահովագրական համակարգը կյանքի է կոչվել և արդեն շատ բժիշկների կողմից բարձրաձայնվում են իրենց աշխատանքի դիմաց նախատեսված գումարների վճարման առումով խնդիրներ, մեղմ ասած, ցածր լինելու մասին»,- այս մասին ԱԺ-ում բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա նշեց, որ համեմատել է ապահովագրական համակարգում առկա հիվանդությունների ցանկը և շուկայական գները։ Արդյունքում պարզել է․
«Մի քանի թվեր ներկայացնեմ, օրինակ՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բժիշկ մասնագետին նախնական խորհրդատվությունն արժե 10 հազար դրամ, ընդլայնված խորհրդատվություն՝ 15000 դրամ, բաժանմունքի վարիչի ծառայության ղեկավարի խորհրդատվություն՝ 20000 դրամ, գլխավոր մասնագետի խորհրդատվություն՝ 25000 դրամ։ Իսկ այդ նույն խորհրդատվությունն ապահովագրական համակարգի շրջանակներում՝ ընդամենը 3000 դրամ է, նեղ մասնագետի խորհրդատվություն՝ 3000 դրամ։ Իսկ եթե արդեն որոշակի հետազոտություն անցած 30-60-տարեկան անձն է մտնում խորհրդատվության, այդ խորհրդատվությունը գնահատված է 400, 600 կամ 200 դրամ։Ուրեմն, մի ուրիշ համեմատություն՝ նորից Սուրբ Գրիգոր Լուսավորիչի ցանկով՝ կորոնոսկոպիա 30 000 դրամ, կորոնոսկոպիա ժամը 18-ից մինչև առավոտ ժամը 9-ը՝ 50 000 դրամ, ապահովագրական համակարգի շրջանակներում բոլոր տիպի կորոնոսկոպիկ հետազոտությունները իրագործող ծառայություններ՝ 17 000 դրամ։Խնդրում եմ ներկայացնել՝ ինչո՞վ է բացատրվում այս տարբերությունը»,- հարցն ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Ի պատասխան Ավանեսյանն ասաց․ «Խորհրդատվությունների հետ կապված ծառայությունների առումով ինչ-որ սխալ տողեր եք տեսել, ճիշտ չեք նայել տեղը, մենք 300-400 դրամանոց խորհրդատվություն չունենք, նեղ մասնագիտական խորհրդատվությունը 6000 դրամ է»։
Ավանեսյանն այնուհետև հիշեցնում է, որ ներդրված ապահովագրության սկզբունքը չի բացառում հավելավճարներ։
«Ապահովագրության համակարգը համընդհանուր է, ներառում է բոլորին, բայց չի ծածկում ամբողջական, առողջապահական է շուկայի կարիքները։ Մեզ համար սկզբունքային է եղել, որ այս համակարգը ներառվի կյանք փրկող, անհրաժեշտ, առաջնային բուժօգնության ծավալը։ Եթե մի քիչ լավ ուսումնասիրեք՝ կտեսնեք, որ ճիշտ հակառակ ուղղություններն էլ կան, որ մեր գնահատված գները բավական ներառական են։ Այս առումով էլ պետք է ասեմ, որ մենք համակարգը ներդնելուց հետո էլ գնագոյացման առումով շատ հստակ մոնիտորինգ ենք անելու, հասկանալու՝ շուկան ինչպե՞ս է արձագանքում»,- նշեց նա։