Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ տեղեկությունների՝ Ախթալայի կոմբինատի գործադուլ անող աշխատավորների մի մասն ստացել է աշխատանքից ազատվելու ծանուցումներ․ Դուլգարյան
Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Այսօր, հունվարի 21-ին, Ախթալա/Շամլուղի հանքերի հորատողները, ովքեր արդեն մի քանի օր է գործադուլ են իրականացնում, հանքարդյունաբերական ընկերության հետ բանակցելուց հետո դուրս եկան և նշում էին (աղբյուրը՝ ակցիայի ուղիղ եթերից), որ իրենց ասում են՝ աշխատավարձերը հնարավոր չէ բարձրացնել, քանզի վարկեր կան, գումարը չի բավարարում, և եթե այդպես շարունակվի, ապա գործունեությունը կկանգնի, կփակվի։
Ստացվում է, որ ամբողջ բեռը, պատասխանատվությունը թողնվում է մի խումբ տանջված մարդկանց ուսերի վրա՝ վարկերի, պարտքերի, ու նույնիսկ արդյունահանման փակվելու վտանգի պատասխանատվությունը։
Այս մարդիկ պատասխանատու չեն ոչ վատ մենեջմենթի, ոչ վատ կառավարման, առավել ևս փակվելու վտանգի համար։ Իրենք ծանր աշխատանք են անում և ընդամենը ցանկանում են, որպեսզի իրենց աշխատավարձերը մի փոքր բարձրանան, պայմանները մի փոքր բարելավվեն։ Սա սոցիալական արդարության պահանջ չէ, այլ սոցիալական արդարության մի փոքր նշույլ է նրանց պահանջածը։
Աշխատավոր գործադուլավորները այսօր նշեցին, որ իրենք համաձայն չեն և շարունակելու են իրենց պահանջի կատարումը։
Ըստ տեղեկությունների՝ աշխատավորների մի մասը արդեն ստացել է աշխատանքից ազատվելու ծանուցումներ, մյուսները վստահ են, որ իրենք ևս կստանան, եթե շարունակեն պահանջել։
Լավ կառավարումը հիմա այն կլինի՝ մարդկանց ընդառաջ գնալը, նրանց ոչ միայն լսելը, այլ լուծումներ առաջարկելը, իսկ միջնաժամկետ կտրվածքի համար՝ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ մշակելը՝ մասնակցային ձևաչափով»։