Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցն է քննարկվում։ Այս մասին տեղեկանում են «Սրբազան պայքարի» էջից։
«Նախորդ դատական նիստին տեսանք, որ որոշակի առաջընթաց է նկատվում մեղադրող կողմի դիրքորոշման մեջ. մեկ դատական նիստ առաջ դիրքորոշում էին հայտնում՝ քանի որ կատարված արարքները խմբի կազմում են, ապա բոլոր ապացույցները վերաբերում են բոլոր մեղադրյալներին։ Պաշտպանների փայլուն աշխատանքից հետո կարծես բան է փոխվել, որովհետև մեղադրողներն «ապացույցները» թվարկելիս արդեն նշում են որոշակի անուններ։
Եվս մեկ կարևոր հարց կա. կա՞ն ապացույցներ, որոնք վկայում են, որ գործով բոլոր մեղադրյալները պայմանավորվել են միմյանց հետ հանցանք կատարելու մասին:
Բոլոր մեղադրյալներին ներկայացվում է նույնատիպ մեղադրանք, որը կազմված է 16 արարքներից: Բնական հարց է առաջանում` արդյո՞ք բոլոր մեղադրյալները կատարել են բոլոր 16 արարքները: Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը արդարացիորեն հարց բարձրացրեց, որին մեղադրողները պետք է պատրաստված լինեն մեղադրանքն ապացուցելու գալիս.
- Արդյո՞ք հենց Լիդյա Մանթաշյանը պլանավորել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու գործողություններ
- Պլանավորե՞լ է քաղաքացիական անձանց միջին կամ ծանր առողջական վնաս պատճառելու գործողություններ
- Լիդյա Մանթաշյանը պլանավորե՞լ է քաղաքացիական անձանց խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու գործողություններ
- Պլանավորե՞լ է ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ
- Լիդյա Մանթաշյանը նպատա՞կ է հետապնդել ահաբեկել բնակչությանը
- Լիդյա Մանթաշյանը նպատա՞կ է ունեցել հետապնդել, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ
- Նպատա՞կ է հետապնդել կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը
- Նպատա՞կ է հետապնդել Սահմանադրությամբ սահմանված կարգով իշխանությունը ստացած անձանց հարկադրել հրաժարվել դրանցից
- Լիդյա Մանթաշյանը հավաքագրե՞լ է բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց
- Լիդյա Մանթաշյանը ձե՞ռք է բերել Երևան քաղաքի քարտեզը
- Շարքից հանելու նպատակով ձե՞ռք է բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալներ
- Պատվիրել և ձե՞ռք է բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ
- Լիդյա Մանթաշյանը պատվիրել և ձե՞ռք է բերել տրանսպորտային միջոցների անվադողները վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ` աստղիկներ
- Լիդյա Մանթաշյանը պատվիրել և ձե՞ռք է բերել տրանսպորտային միջոցների ապակիներին, ճանապարհներին լցնելու նպատակով ներկեր և յուղեր և այդ միջոցները պահել է համապատասխան թաքստոցներում
- Լիդյա Մանթաշյանը շարունակե՞լ է հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները
- Կամ Լիդյա Մանթաշյանը խմբերի ղեկավարների հետ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցրե՞լ է, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են, և վերջիններիս հրահանգել է իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը` տրված հանձնարարությունները ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:
Արդյո՞ք մեղադրյալներից յուրաքանչյուրը կատարել է այս գործողություններից յուրաքանչյուրը կամ տեղյակ է եղել ու տվել է իր համաձայնությունը:
Պարզից էլ պարզ է, որ ահաբեկչական գործողություններ չեն պլանավորվել, և մեղադրողներն այսօր մեղադրանքն ապացուցելու խնդրի առջև են կանգնած: Այդ է պատճառը, որ վերջին դատական նիստը ևս հետաձգվեց, քանի որ մեղադրողները պատրաստ չէին ամբողջ ծավալով ներկայացնել «ապացույցները»` դրանք անհատականացնելով յուրաքանչյուր մեղադրողի մասով:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):)»,- ասվում է հաղորդագրությունում։